Սեպտեմբերի 5-ին Գվինեայում կատարված ռազմական հեղափոխության կազմակերպիչ գնդապետ Մամադի Դումբույի՝ անցումային շրջանում նախագահի պաշտոնում երդմնակալության արարողությունը կայացել է ուրբաթ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Guineenews լրատվական հարթակից:
Արարողությունը, որը ղեկավարել է Գվինեայի Բարձրագույն դատարանի նախագահ Մամադու Սիլան, կայացել է երկրի մայրաքաղաք Կոնակրիում՝ Մուհամեն V-ի պալատում: Դահլիճում ներկա են գտնվել Գվինեայի առաջատար կուսակցությունների ու շարժումների առաջնորդները, արհմիությունների ներկայացուցիչները, գործարարները, գիտության եւ մշակույթի գործիչները, մի շարք դիվանագիտական առաքելություններ: Ինքը՝ Դումբույը եղել է զինվորական հանդերձանքով եւ հատուկջոկատայինի կարմիր գլխարկով:
Գվինեայում իշխանությունը զավթած զինվորականները սեպտեմբերի 17-ին երկրի նախագահի պաշտոնում առաջադրել են գնդապետ Դումբույին: 10 օր անց նրանք հրապարակել էին խարտիա, որը սահմանել էր անցումային ժամանակաշրջանում Գվինեայի նախագահի պաշտոնը: Այժմ Դումբույը պաշտոնապես ստանձնել է երկրի ղեկավարի պաշտոնը:
Jeune Afrique պարբերականի տվյալներով՝ 41-ամյա Դումբույն ավելի քան 10 տարի գտնվել է ֆրանսիական Օտարերկրյա լեգեոնի շարքերում՝ մասնակցելով գործողություններին Աֆղանստանում, ՀԱՀ-ում, Ջիբութիում եւ Կոդ դ՛Իվուարում: 2018 թվականին Գվինեայի նախագահ Ալֆա Կոնդեն անձամբ առաջարկել է նրան գլխավորել հատուկջոկատայինների ստորաբաժանումը, ինչին Դումբույը համաձայնություն է տվել եւ ստացել է փոխգնդապետի կոչումը: Հենց այդ ստորաբաժանումը երեք տարի անց դարձել էր ապստամբերի միջուկը, որոնք զավթել էին իշխանությունը Գվինեայում եւ ձերբակալել Կոնդեին:
Միեւնույն ժամանակ Գվինեայի տապալված նախագահ Ալֆա Կոնդեն հրաժարվել է հրաժարական տալ: Արեւմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական հանրույթը, որը միավորում է տարածաշրջանի 15 պետություններ, պահանջում է զիվորականներից անհապաղ ազատ արձակել Ալֆա Կոնդեն: Ներկայում միության եւ Գվինեայի զինվորականների միջեւ բանակցություններ են ընթացքում անցումային շրջանի ժամկետների ու կարգի մասին, որը պետք է ավարտվի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացմամբ:





























