ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի աջակցության վարկանիշը շարունակում է ընկնել, ասվում է Associated Press-ի հրապարակած հարցման մեջ:

Չիկագոյի համալսարանում NORC-ի անցկացրած ուսումնասիրության համաձայն՝ ամերիկացի առաջնորդի ժողովրդականությունը, որը նախկինում «խոստացել էր միավորել երկիրը», ընկել է ԱՄՆ-ում եւ արտերկրում վերջին իրադարձությունների ֆոնին:

Հստակեցվում է, որ հարցված ամերիկացիների միայն 50 տոկոսն է դրական գնահատում Բայդենի աշխատանքը, 49 տոկոսը հավանություն չի տալիս դրան: Օգոստոսին նախագահի քաղաքականությունը սատարողները կազմել են 54 տոկոս, հուլիսին` 59 տոկոս, փոխանցել է Gazeta-ն:

Հուլիսից Բայդենի աջակցության վարկանիշը նվազել է նաեւ դեմոկրատների շրջանում (92 տոկոսից մինչեւ 85 տոկոս): Հանրապետականների 11 տոկոսն է հավանություն տալիս պետության ղեկավարի գործունեությանը, այս տվյալները նման են հուլիս ամսվա տվյալներին: 

Հարցումը ցույց է տվել նաեւ, որ ամերիկացիների 47 տոկոսը հավանություն է տալիս տնտեսական բարեփոխմանը (մարտին նրանք 60 տոկոս էին կազմում): Հարցվածների կեսից մի փոքր ավելին՝ 57 տոկոսը, նույնպես հավանություն են տալիս կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում իշխանությունների ձեռնարկած միջոցառումներին. հուլիսին թիվը ավելի բարձր էր (66 տոկոս):

Ընդհանուր առմամբ, ամերիկացիների միայն 34 տոկոսն է ասում, որ երկիրը շարժվում է ճիշտ ուղղությամբ: Ուսումնասիրության հեղինակները վարկանիշի նվազումը կապում են ներկայիս վարչակազմի երկիմաստ գործողությունների հետ՝ ի պատասխան Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերմանը, Տեխասում Հայիթիի փախստականների հետ կապված ճգնաժամին եւ երկրում կորոնավիրուսի համաճարակաբանական իրավիճակի վատթարացմանը:

Դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդ, 78-ամյա Ջո Բայդենը ԱՄՆ 46-րդ նախագահ է դարձել անցյալ նոյեմբերին կայացած ընտրությունների արդյունքներով: Ըստ սոցիոլոգիական հետազոտությունների՝ ամերիկացիների մեկ երրորդը ընտրություններում Բայդենի հաղթանակն անազնիվ է համարել: