Իրանի հյուսիսարեւմտյան հատվածում զորավարժությունները ազդանշան են «սիոնիստական ռեժիմին եւ տարածաշրջանի երկրներում ԻՊ ահաբեկիչներին»։ Այս մասին հայտարարել է Իրանի բրիգադային գեներալ Քիոմարս Հեյդարին, փոխանցում է Tasnim-ը։
«Սիոնիստական ռեժիմի վստահված անձանց բացահայտ եւ քողարկված ներկայությունն ու տարածաշրջանի երկրներում ԻՊ-ի ահաբեկիչների ներկայության հնարավորությունն այս զորավարժությունները դարձնում են ավելի կարեւոր»,-ասել է նա՝ հավելելով, որ ԻՊ գրոհայիններ են բերվել տարածաշրջան 2020 թվականին ԼՂ հակամարտության բռնկման ժամանակ։
«Քանի որ մենք վստահ չենք, որ նրանք լքել են այդ շրջանը, զորավարժությունները մեսիջ են նրանց համար։ Նրանք եւ սիոնիստները պետք է իմանան, որ իրենք տեղ չունեն տարածաշրջանում, եւ որ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը կպայքարեն նրանց դեմ»,-ընդգծել է իրանցի գեներալը։
Նշենք, որ Fatehan-e Khaybar (Հայբարի նվաճողներ) կոդային անվանմամբ զորավարժությունները սկսվել են ուրբաթ օրը։ Մեկնարկին ներկա են եղել Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Հեյդարին եւ ԶՈւ ԳՇ ներկայացուցիչները։





























