Վրաստանում ավարտվել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկությունը. ընտրատեղամասերը փակվել են 20:00-ին, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:

Մինչ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախնական պաշտոնական տվյալների հրապարակումը, խոշոր հեռուստաընկերությունները փորձում են կանխատեսել ընտրությունների արդյունքը` ելնելով էքզիթ-փոլերի հարցումներից։

Միաժամանակ, ըստ իշխանամետ «Իմեդի» հեռուստաընկերության հարցումների, պարզվում է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն առաջատար է ե՛ւ համամասնական, ե՛ւ մայրաքաղաքի քաղաքապետի ընտրություններում:

Իսկ ընդդիմադիր «Ֆորմուլա»-ի եւ «Մտավարի»-ի պատվերներով անցկացված հարցումների համաձայն` նդդիմությունն ընդհանուր առմամբ ավելին է ստացել, քան իշխող կուսակցությունը:

Մինչդեռ «Երազանք»-ի եւ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներն արդեն շնորհավորել են իրենց ընտրողներին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

Այսպես, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է հանրությանը այն բանի համար, որ «Վրացական երազանքը» հաղթում է ութերորդ անընդմեջ ընտրություններում:

Իսկ ՄԱՇ-ի նախագահ Նիկա Մելիան կարծում է, որ ընդհակառակը՝ իշխող կուսակցությունը պարտվել է ընդդիմությանը, իսկ Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում երկրորդ փուլ է լինելու:

Իշխող կուսակցությունը մտադիր է հաղթանակը տոնել իր կենտրոնական գրասենյակի մոտ, իսկ ընդդիմությունը պատրաստվում է «պաշտպանել ձայները»: