Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնը կիրակի առավոտյան վերադարձել է Սարդինիա, որպեսզի երկուշաբթի ներկայանա Սասարի քաղաքի վճռաբեկ դատարան, որը կքննի նրան արտահանձնելու մասին Իսպանիայի իշխանությունների հայցը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով քաղաքական գործչի իտալացի փաստաբան Ագոստինանջելո Մարասին:
«Ինչպես ակնկալվում էր, Պուչդեմոնն այսօր վերադարձել է Սարդինիա: Օրվա ընթացքում մենք հանդիպելու ենք նրա հետ բոլոր անհրաժեշտ հարցերը քննարկելու համար, որոնք կապված են վաղվա դատական նիստի հետ»,-ասել է Մարասը:
Ինչ վերաբերում է Պուչդեմոնին արտահանձնելու մասին հարցի շուրջ որոշմանը, հայտնի չէ՝ այն կկայացվի՞ արդյոք երկուշաբթի:
Պուչդեմոնը թաքնվում է իսպանական արդարադատությունից 2017 թվականից, երբ նա հեռացել էր երկրից Կատալոնիայի անկախության մասին անօրինական հանրաքվեից եւ դրա տարածաշրջանային խորհրդարանը հռչակելուց հետո:
Քաղաքական գործիչը բերման է ենթարկվել իրավապահների կողմից սեպտեմբերի 23-ին Սարդինիայի Ալգերո քաղաքի օդանավակայանում: Նա Սարդինիա էր ժամանել ֆոլկլորային մշակույթի փառատոնին մասնակցելու եւ տեղական քաղաքական գործիչների հետ հանդիպելու համար:
Հաջորդ օր Սասարիի վճռաբեկ դատարանը հաստատել էր Պուչդեմոնին բերման ենթարկելու օրինականությունը, սակայն վճռել էր կալանքի տակ նրան պահելու հիմքերի բացակայության մասին՝ նշանակելով Իսպանիայի հայցի քննումը հոկտեմբերի 4-ին: Մի քանի օր անց Պուչդեմոնը, որն ընտրվել էր Եվրախորհրդարանում 2019 թվականին, վերադարձել էր Բելգիա, որտեղ նա այժմ մշտական բնակություն է հաստատել:





























