Չինաստանի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի ղեկավար Գաո Ֆուն հասարակության մեջ գիտության եւ տեխնոլոգիաների միջազգային ֆորումին ունեցած ելույթի ժամանակ վստահություն է հայտնել, որ մարդկությունն ապագայում անպայման կբախվի նոր վիրուսի եւ առաջարկել է փոխազդեցության սկզբունքը` հակաքայլերի նախապատրաստման համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Աշխարհը կանգնած է ոչ միայն կորոնավիրուսային համավարակի, այլեւ մի շարք այլ խնդիրների առջեւ, ինչպիսիք է ինֆոդեմիան, երբ միահյուսվում են արդիական տեղեկատվությունն ու ապատեղեկատվությունը: Սա բազմաթիվ ասեկոսեների եւ խնդիրների պատճառ է դառնում, որոնք ստիպված ենք լուծել»,- նշել է մասնագետը:

Գաո Ֆուն ընդգծել է, որ ապագայում աշխարհը, անշուշտ, կկանգնի այսպես կոչված «X վիրուսի» առջեւ, որի բնութագրերը դեռ անհայտ են եւ կարող են առաջանալ ցանկացած վայրում եւ ցանկացած պահի:

«Հանուն մարդկության ապագայի մենք պետք է միասին աշխատենք խնդրի լուծման ուղղությամբ: Ինչի կապակցությամբ առաջարկում եմ «չորս C»-երի սկզբունքը` համագործակցություն (cooperation), մրցակցություն(competition), շփում կամ տեղեկատվության փոխանակում (communication) եւ վերջապես` համակարգում  (coordination) երրորդ կողմի հետ»,- ընդգծել է փորձագետը:

Վերոնշյալ սկզբունքներից նա առանձնացրել է տեղեկատվության փոխանակումը. չէ որ  Չինաստանի կողմից տեղեկատվության բաց փոխանակումը թույլ տվեց աշխարհի գիտնականներին այսքան կարճ ժամանակում սկսել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մշակումը: