Գերմանիայի Դաշնային Հանրապետության բնակիչների հստակ մեծամասնությունը կողմ է, որպեսզի Գերմանիայի պետության ներկայիս ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը վերընտրվի երկրորդ նախագահական ժամկետով: Այդ են վկայում երկուշաբթի հրապարակված հարցման արդյունքները, որն իրականացրել է Forsa սոցիոլոգիական ծառայությունը` Redaktionsnetzwerk Deutschland (RND) խմբագրական միավորման պատվերով:

Հարցմանը, որն անցկացվել է սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը, մասնակցել է 1007 մարդ: Դրա տվյալներով` հարցվածների 70 տոկոսը ցանկություն է հայտնել, որպեսզի Շտայնմայերը շարունակի պաշտոնավարել: Ընդ որում, հարցվածների երեք քառորդը նշել է, որ գոհ է նրա աշխատանքից: Դա հիմնականում 60 տարեկանից բարձր մարդիկ են, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Միեւնույն ժամանակ, ինչպես պարզել են սոցիոլոգները, Շտայնմայերն ավելի պոպուլյար է Գերմանիայի արեւմտյան շրջանների բնակիչների շրջանում: Այնտեղ նրան կողմ է արտահայտվել հարցվածների 76 տոկոսը: Գերմանիայի արեւելյան հատվածի բնակիչների շրջանում այս ցուցանիշը կազմել է 68 տոկոս: Բացի այդ, ինչպես ցույց են տալիս հետազոտության արդյունքները, Գերմանիայի բնակիչների 85 տոկոսը դեմ է արտահայտվել, որպեսզի Շտայնմայերի վերընտրման հարցը քննարկման առարկա դառնա կառավարության ձեւավորման վերաբերյալ տարբեր կուսակցությունների կոալիցիոն բանակցություններում:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության հատուկ մարմինը` Դաշնային ժողովը, պետության ղեկավարին ընտրելու համար կհավաքվի 2022 թվականի փետրվարին: Մայիսին Շտայնմայերը հայտարարել է երկրորդ ժամկետով առաջադրվելու մտադրության մասին: Սակայն Դաշնային ժողովում քվեարկության արդյունքը կախված է մի քանի կուսակցությունների ներկայացուցիչների աջակցությունից: Օրինակ, չի բացառվում, որ Քրիստոնեա-դեմոկրատական ​​եւ Քրիստոնեա-սոցիալական միությունների պահպանողական բլոկը, «Միություն-90/«կանաչներ» եւ Ազատ դեմոկրատական ​​կուսակցությունը միասին կարող են ճանապարհ հարթել դեպի նախագահական պալատ «կանաչների» թեկնածուի համար: