ԱՄՆ-ն մտադիր է ուժի դիրքերից առեւտրային հարաբերություններ վարել Չինաստանի հետ: Այս մասին երկուշաբթի կհայտարարի ԱՄՆ առեւտրային հարցերով բանակցող Քեթրին Թայը` ելույթ ունենալով Վաշինգտոնի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում: Թայի ելույթից հատվածներ է տարածել նրա աշխատակազմը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր ես կպատմեմ Չինաստանի նկատմամբ մեր առեւտրային քաղաքականության վերակառուցման մասով մեր վարչակազմի ռազմավարական տեսլականի ելակետի մասին` ամերիկացի աշխատողների, ձեռնարկությունների, ֆերմերների եւ արտադրողների շահերի պաշտպանության եւ մեր միջին խավի ամրապնդման համար»,- կասի նա:
«Ի տարբերություն նախկինի` ներկայիս վարչակազմը գործելու է ուժի դիրքերից, քանի որ մենք ներդրումներ ենք կատարում մեր աշխատողների եւ մեր ենթակառուցվածքների մեջ»:
«Մենք շարունակում ենք լրջորեն մտահոգված լինել Չինաստանի պետական եւ ոչ շուկայական առեւտրային գործելակերպերով, որը հաշվի չի առնվել երկկողմանի առեւտրային գործարքի առաջին փուլում: Մինչ մենք աշխատում ենք առաջին փուլի պայմանների կատարման ուղղությամբ, մենք այս ավելի լայն քաղաքական խնդիրները կբարձրացնենք Պեկինում»,- հավելել է Թայը:
«Եվ մենք կօգտագործենք մեր տրամադրության տակ եղած միջոցների ամբողջ շրջանակը եւ, անհրաժեշտության դեպքում, ամերիկյան տնտեսական շահերը վնասակար քաղաքականությունից եւ գործելակերպից պաշտպանելու նոր միջոցներ կմշակենք»,- կընդգծի առեւտրային հարցերով ներկայացուցիչը:
Նա կարծում է, որ Միացյալ Նահանգներին «նոր, ամբողջական եւ պրագմատիկ մոտեցում է անհրաժեշտ Չինաստանի հետ հարաբերություններում, որն իսկապես կարող է նպաստել [ամերիկյան] ռազմավարական եւ տնտեսական նպատակների իրականացմանը` ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում»:




























