Էլ Սալվադորը պաշտոնապես սկսել է բիթքոինի արդյունահանումը՝ օգտագործելով հրաբուխների էներգիան: Երկիրն արդեն հասցրել է արդյունահանել 0.00599179 բիթքոին կամ մոտ 269 դոլար, հայտնել է Popmech-ը:

Էլ Սալվադորը առաջին պետությունն է, որը բիթքոինը դարձրել է երկրի պաշտոնական արժույթ: Այս ամառ երկրի նախագահ Նայիբ Բուկելեն հայտարարել է, որ մշակում է երկրաջերմային էներգիայի միջոցով կրիպտոարժույթի արդյունահանման ծրագիր:

Այժմ, ըստ Սալվադորի նախագահի, երկրին հաջողվել է «մայնինգի ենթարկել» 0.00599179 բիթքոին` օգտագործելով հրաբուխների էներգիան:

«Մենք դեռ փորձարկում եւ աշխատում ենք համակարգի վրա, սակայն սա պաշտոնապես հրաբխից բիթքոինի առաջին արդյունահանումն է», - Թվիթերում գրել է Բուքելեն:

Բուկելեի տարածած տեսանյութում երեւում է հրաբխի միջոցով կրիպտոարժույթի արդյունահանման աշխատանքը: Դա արդյունաբերական գործարան է, որը կառուցվել է անտառածածկ տարածքում: Հետին պլանում երեւում է Սանտա Անա հրաբուխը:

Էլ Սալվադորի նման մոտեցումը դրական է նաեւ բնապահպանական տեսանկյունից, քանի որ մայնինգի համար օգտագործում է «100 տոկոս մաքուր, 100 տոկոս վերականգնվող էներգիա՝ զրոյական արտանետումներով»: