Հռոմի Ֆրանցիսկոս պապը ցավագին է ընդունել Ֆրանսիական կաթոլիկ եկեղեցում մանկապղծության վերաբերյալ զեկույցի բովանդակությունը, որի մասին վերջերս նրան տեղեկացրել են ֆրանսիացի եպիսկոպոսները, երեքշաբթի լրագրողներին հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին:
«Նրա մտքերն ուղղված են, առաջին հերթին, զոհերին՝ մեծ ցավով նրանց վերքերի համար եւ երախտագիտությամբ նրանց քաջության համար, եւ Ֆրանսիայի եկեղեցուն, որպեսզի գիտակցելով այս սարսափելի իրականությունը ... այն կարողանա ճիշտ ուղով շարժվել», - ասել է Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչը:
Երեքշաբթի ավելի վաղ Ֆրանսիայում շրջանառության մեջ է դրվել կաթոլիկ եկեղեցում մանկապղծության հանցագործությունները հետաքննող անկախ հանձնաժողովի զեկույցը: Ըստ այս ուսումնասիրության՝ 1950 թվականից սկսած ավելի քան 3000 մանկապիղծներ ակտիվ գործունեություն են ծավալել եկեղեցում եւ սեռական բռնության են ենթարկել հազարավոր անչափահասների:



























