Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ քննարկել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ եւ համապարփակ ծրագրի լիարժեք իրականացման վերականգնման հեռանկարներն ու երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, տեղեկացրել են ՌԴ ԱԳՆ-ում։ Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի կարգավորման շուրջ Գործողությունների համատեղ եւ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) լիարժեք իրականացման վերականգնման հեռանկարների մասին, ինչպես նաեւ քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հրատապ հարցեր»,- ասվում է ՌԴ ԱԳՆ կայքի մեկնաբանությունում։
Նախօրեին ԱՄՆ մի շարք ազդեցիկ սենատորներ դիմել էին Բայդենին՝ խնդրելով երկրից արտաքսել 300 ռուսաստանցի դիվանագետի, եթե ՌԴ իշխանությունները չհամաձայնեն ընդլայնել Մոսկվայում ամերիկյան դեսպանության հաստիքացուցակը։ Ամերիկացի օրենսդիրների նամակը հրապարակվել է հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոյի կայքում։ ՌԴ ԱԳՆ-ում սպառնացել են կոշտ պատասխան միջոցներով, եթե ԱՄՆ վարչակազմը որոշի նման քայլ կատարել։ ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ նրանք, ովքեր նման որոշումներ են առաջարկում, «ըստ երեւույթին, փորձում են հասնել Ռուսաստանում ամերիկյան արտասահմանյան հաստատություննեի փակմանը, եւ «նրանք պետք է հասկանան, որ դրա պատասխանատվությունն ընկնելու է իրենց վրա»։
2015թ. Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Իրանը կնքեցին ԳՀՀԾ-ն։ Գործարքը ենթադրում էր հանել պատժամիջոցները Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց՝ որպես Թեհրանի միջուկային զենք չունենալու երաշխիք։ 2018թ. մայիսին այն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում ընդունեց ծրագրից միակողմանիորեն դուրս գալու եւ Թեհրանի դեմ կոշտ պատժամիջոցները վերականգնելու մասին։ Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների աստիճանական կրճատման մասին՝ հրաժարվելով սահմանափակումներից միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների եւ ուրանի հարստացման մակարդակի հարցերում։
Վիեննայում ԳՀՀԾ-ի վերականգնմանն ու Իրանի հանդեպ ԱՄՆ պատժամիջոցները հանելուն ուղղված բանակցությունների վեցերորդ ռաունդն ավարտվեց հունիսի 20-ին։ Վիեննայում միջազգային կազմակերպություններին կից ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովի խոսքով՝ գործարքի վերականգնման աշխատանքն ավարտված է 90 տոկոսով, մնացել են քաղաքական պահերը՝ կապված ԱՄՆ պարտավորությունների եւ այն բանի հետ, թե ինչպես Վաշինգտոնը կկատարի դրանք հետագայում։ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ բանակցությունները կվերսկսվեն աշնանը, քանի որ Իրանում պետք է վերջնականապես ձեւավորվի հունիսի ընտրություններում հաղթած նոր նախագահ Իբրահիմ Ռայիսիի կառավարությունը։




























