Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ցանկանում է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ քննարկել իրանական միջուկային ծրագրի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) լիարժեք վերսկսման գործընթացի արագացման հնարավորությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Այսօրվա բանակցությունների առաջնահերթ խնդիրը կլինի նաեւ իրանական միջուկային ծրագրի համաձայնագրի ամբողջական թարմացման անհրաժեշտությունը` առանց որեւէ բացառության, առանց որեւէ լրացման: Մենք այսօր ցանկանում ենք քննարկել, թե ինչպես կարելի է արագացնել այս գործընթացը»,- ասել է Լավրովը` սկսելով բանակցություններ իրանցի գործընկերոջ հետ:

Ռուսական դիվանագիտական ​​ծառայության ղեկավարը շեշտել է, որ, չնայած համավարակին, Մոսկվան եւ Թեհրանը շարունակում են ինտենսիվ քաղաքական երկխոսությունը բոլոր մակարդակներում, այդ թվում` նախագահների մակարդակով:

Նա նաեւ նշել է, որ փոխգործակցության նոր ոլորտ «կդառնա Իրանի` որպես լիիրավ անդամ միացումը Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ)»՝ հիշեցնելով, որ այս գործընթացի մեկնարկի վերաբերյալ համապատասխան որոշումները կայացվել են Դուշանբեում ՇՀԿ վերջին գագաթնաժողովի ժամանակ:

ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով` բանակցությունների օրակարգի այլ թեմաների շարքում կլինի փոխգործակցությունը Սիրիայում, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի այլ տարածաշրջաններում, ինչպես նաեւ` Պարսից ծոցի գոտում  նորմալ հարաբերությունների վերականգնման ուղիները: «Այնպես որ, ձեր այցը Ռուսաստանի Դաշնություն շատ, շատ ժամանակին է: Վստահ եմ, որ մենք օգտակար կաշխատենք»,- ասել է Լավրովն իրանցի գործընկերոջը: