Հունաստանում տեղի ունեցողը վառ օրինակ է, թե ինչպես բավարար ժողովրդավարություն ունեցող երկիրը կարող է չհաղթահարել ճգնաժամը: Նման տեսակետ է հայտնել Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: Նրա խոսքով, ինչպես Հունաստանում, Հայաստանում էլ երկու հիմնական մարտահրավերներն են արտաքին պարտքերը եւ հարկահավաքության ցածր մակարդակը: Ռ. Կիրակոսյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանը չվերահսկեց օլիգարխիային եւ չպայքարեց կոռուպցիայի դեմ, որոնք դարձան հայկական պետականությունը թուլացնող գործոններ: Նա հիշեցրել է, որ Հունաստանը 2000-2007թթ. ՀՆԱ աճ էր արձանագրում 8 տոկոսով, ինչը հիշեցնում է Հայաստանի տխրահռչակ երկնիշ տնտեսական աճը: Մյուս նամանությունն էլ, ըստ փորձագետի, այն է, որ ՀՆԱ 25 տոկոսը վերահսկվում է ստվերային տնտեսության կողմից:

Անդրադառնալով երկու երկրների կառավարությունների հակաճգնաժամային քայլերին, Կիրակոսյանն ասել է. «Հունաստանը 2 ձեւով արձագանքեց ճգնաժամին`արտաքին պարտք վերցնելով եւ պետական ծախսերի կրճատում անելով: Հայաստանը այդ քայլերից միայն առաջինը կատարեց, իսկ պարտքով վերցված գումարներն օգտագործվեցին նախաճգնաժամայն խնդիրները լուծելու համար: Այս տարի Հայաստանի արտաքին պարտքը կկազմի ՀՆԱ 26 տոկոսը»:

Վերլուծաբանը նշել է, որ Հունաստանի բնակչության 84 տոկոսը կարծում է, որ տնտեսական ճգնաժամը իշխանություններին վերջապես կմղի իրական բարեփոխումների, ապա հույս հայտնել, որ Հայաստանում եւս ճգնաժամը իրական բարեփոխումների կհանգեցնի: Փորձագետի խոսքով, այս տարի աղքատության թիվը Հայաստանում կկազմի 28 տոկոս, որը նշանակում է, որ ամեն չորրորդը աղքատության շեմին է լինելու: Սա ամոթալի է Հայաստանի եւ Սփյուռքի համար: