Շրի Լանկայի նախագահ Գոտաբայա Ռաջապակսան հրահանգել է հետաքննություն անցկացնել արտասահմանում գտնվող իր զարմուհու ունեցվածքի վերաբերյալ այն բանից հետո, երբ «Պանդորայի փաստաթղթերը» ցույց են տվել, որ նա եւ ամուսինը արտասահմանում միլիոնավոր դոլարներ են թաքցրել, հայտնել է AFP-ն:
Կառավարության խոսնակ Դալլես Ալահապերուման ասել է, որ նախագահը դիմել է հակակոռուպցիոն գլխավոր մարմնին՝ պատրաստելու զեկույց Նիրուպամա Ռաջապակսայի եւ նրա ամուսնու՝ Տիրուկումար Նադեսանի ունեցվածքի վերաբերյալ «մեկ ամսվա ընթացքում»:
Ամուսինների անուններն աշխարհի տասնյակ նշանավոր անձնավորությունների շարքում են հայտնվել, որոնց մասին տվյալները արտահոսել են ֆինանսական ծառայություններ մատուցող ընկերություններից:
Փաստաթղթերը ձեռք են բերվել Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի կողմից (ICIJ) եւ հրապարակվել ԶԼՄ-ների գործընկերների կողմից՝ ներառյալ The Washington Post-ը, BBC-ն եւ The Guardian-ը:
Մեղադրանքները տարբեր են՝ կոռուպցիայից մինչեւ փողերի լվացում եւ հարկերից խուսափում:
ICIJ-ն հայտնել է, որ 2017 թվականին Նիրուպամա Ռաջապակսան եւ նրա ամուսինը օֆշորային ակտիվներ են ունեցել մոտ 18 միլիոն դոլարի չափով:
Նրանց ընդհանուր կարողությունը 2011 թվականին գերազանցել է 160 մլն դոլարը:
Շրի Լանկայում անօրինական չէ օֆշորային ակտիվների պահպանումը կամ կեղծ ընկերությունների օգտագործումը, սակայն տեղական հարկային մարմինները պետք է տեղեկացված լինեն այդ մասին:




























