«Պետությունը չի ֆինանսավորելու օտարալեզու դպրոցները, սա շատ կարեւոր հանգամանք է, որի մասին ես առաջին օրվանից շեշտում եմ, սակայն դա որոշ մարդիկ դիտավորյալ մոռացության են տալիս»,- մայիսի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Նա այսօր ներկայացրել է «Հանրակրթության մասին» եւ «Լեզվի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթի լրամշակված տարբերակը, որով երաշխավորվում է Հայաստանում օտարալեզու դպրոցների վերաբացումը։ Օրենքով ֆիքսվել է, որ օտարալեզու դպրոցների թիվը պետք է լինի 15-ը, դա գործող հանրակրթական դպրոցների թվաքանակի 1 տոկոսն է։ Հայագիտական առարկաները («Հայոց լեզու», «Հայոց պատմություն», «Հայ գրականություն», «Կրոնի պատմություն»), ըստ օրենքի, դասավանդվելու են նույն ձեւով ու ծավալով, ինչպես հանրակրթական մյուս դպրոցներում։

Օրենքով ֆիքսվում է նաեւ, որ օտարալեզու կրթություն պետք է իրականացվի միայն միջին եւ ավագ դպրոցներում։ Տարրական դպրոցը զերծ է մնալու օտարալեզու հանրակրթություն իրականացնելու հնարավորությունից։ Այսինքն՝ օտարալեզու կրթություն կիրականացվի 5-րդ դասարանից սկսած։ Ըստ օրենքի՝ միեւնույն լեզվով կրթություն իրականացնող դպրոցների թիվը պետք է լինի առավելագույնը 5-ը։ «Հետեւաբար՝ ո՜չ ռուսական, ոչ անգլիական ոչ էլ ֆրանսիական դպրոցների վերաբացման դարաշրջան չի սկսելու»,-հայտարարել է նախարարը՝ միաժամանակ հավելելով. «Ըստ ամենայնի, ամենախոշոր խաղացողները կլինեն անգլերենը, ռուսերենը։ Չեմ բացառում, որ 15-ի մեջ կբաշխվեն նաեւ ֆրանսերենով, գերմաներենով կամ որեւէ այլ լեզվով դպրոցները»։ Մտավախությանը, որ օտարալեզու դպրոցները կկենտրոնանան միայն մայրաքաղաքում, օրենքի միջոցով լուծում է տրված։ Ըստ այդմ՝ 15 օտարալեզու դպրոցներից միայն 8-ն են գործելու Երեւանում։ Մնացած 7 դպրոցները տեղակայված են լինելու մարզերում։ Իսկ թե ո՞ւմ կողմից եւ ինչ միջոցներով են ֆինանսավորվելու օտարալեզու դպրոցները, նախարարը պատասխանել է, թե ըստ օրենքի, կառավարությունը պետք է ընդունի համապատասխան կարգ՝ նման դպրոցների գործունեությունը կարգավորելու վերաբերյալ։

Արմեն Աշոտյանը նշել է նաեւ, որ ֆինանսավորումը կարող է իրականացվել հիմնադրամների, հասարակական կազմակերպությունների կամ այլ հաստատությունների կողմից։ Ինչ վերաբերում է օտարալեզու դպրոցներ ընդունելության կարգին, ապա այն պետք է սահմանի դպրոցի սեփականատերը։ Կրթության եւ գիտության նախարարը վստահ է, որ ընդունելությունն իրականացվելու է մրցութային կարգով, ինչպես վարժարանների դեպքում է։