ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշում է ընդունել եւս մեկ տարով երկարացնել Անկարայի հանդեպ Սիրիայում ռազմական գործողության պատճառով պատժամիջոցների մասին 2019թ. Դոնալդ Թրամփի ստորագրած հրամանագրի գործողությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Իրավիճակը Սիրիայի շուրջ, մասնավորապես՝ թուրքական կառավարության՝ Սիրիայի հյուսիս-արեւելքում հարձակում իրականացնելու գործողությունները, խափանում են «Իսլամական պետություն» [ահաբեկչական խմբավորման] (արգելված է ՌԴ-ում) դեմ պայքարը, սպառնալիքի տակ են դնում քաղաքացիական [անձանց], սպառնում խախտել խաղաղությունը, կայունությունը եւ անվտանգությունը տարածաշրջանում, ինչպես նաեւ առաջվա պես <...> մեծ սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության համար։ <...> Այս առնչությամբ ես մեկ տարով երկարացնում եմ արտակարգ դրությունը, որը հայտարարվել էր 13894 հրամանագրով»,- ասվում է Սպիտակ տան հաղորդագրությունում։
Հիշյալ հրամանագիրը ստորագրել է Թրամփը 2019թ. հոկտեմբերի 14-ին։ Այդ փաստաթղթով ԱՄՆ նախագահը հանձնարարել էր պետդեպարտամենտի քարտուղարին եւ ֆինանսների նախարարին որոշել, թե հատկապես ում դեմ պետք է մտցվեն պատժամիջոցները։ Խոսքն այն անձանց մասին էր, որոնք «խոչընդոտում են հրադադարին Հյուսիսային Սիրիայում», ինչպես նաեւ խանգարում են քաղաքական կարգավորմանը երկրում։ Այդ հրամանագրի հիման վրա Վաշինգտոնը հայտարարեց Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության եւ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարության, այդ գերատեսչությունների ղեկավարների, ինչպես նաեւ երկրի ՆԳՆ ղեկավարի դեմ պատժամիջոցներ մտցնելու մասին։ Հոկտեմբերի 17-ին կողմերը պայմանավորվեցին հրադադարի մասին Սիրիայի հյուսիս-արեւելքում, ինչից հետո Թրամփը հոկտեմբերի 23-ին չեղարկեց պատժամիջոցների գործողությունը, բայց իրեն իրավունք վերապահեց վերականգնել համապատասխան միջոցներն ու ավելացնել թուրքական ապրանքների մաքսատուրքերը, եթե Անկարան չկատարի իր պարտավորությունները։




























