ԱՄՆ կառավարության գլխավոր տեսուչը, որը զբաղվում է Աֆղանստանում միջոցների չարաշահման հետաքննությամբ, «քննում է» այն պնդումները, թե Աֆղանստանի նախկին նախագահ Աշրաֆ Գանին եւ նրա ենթակաները երկրից փախչելուց առաջ միլիոնավոր դոլարներ են գողացել, հայտնում է NYP-ն:

Գանին մեղադրվում է 169 միլիոն դոլար գողանալու մեջ Աֆղանստանը լքելիս, երբ թալիբները մոտեցել էին Քաբուլին: Նրա հանկարծակի փախուստը թույլ տվեց արմատական ​​խմբին գրավել Աֆղանստանի մայրաքաղաքն ամերիկյան զորքերի քաոսային վերջնական դուրսբերումից երկու շաբաթ առաջ:

«Մենք դա դեռ չենք ապացուցել: Մենք իրականում ուսումնասիրում ենք դա»,- ասել է Գլխավոր տեսուչ Ջոն Սոպկոն Ներկայացուցիչների պալատի լսումների ժամանակ:

«Կան մեղադրանքներ, բայց` ոչ միայն նախագահ Գանիի հասցեին: Կան պնդումներ, որ ֆինանսների նախարարության, կենտրոնական բանկի եւ մի շարք այլ նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ փախել են միլիոնավոր դոլարներով,- ասել է նա:- Բայց կրկին, դրանք պարզապես մեղադրանքներ են: Մենք դեռ չենք հաստատել դրանցից որեւէ մեկը »: