Լուրերը, թե երկրի իշխանությունները եւ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ինչ-որ պայմանավորվածությունների են եկել տեղական ինքնակառավարման մարմինների գալիք ընտրությունների առիթով, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հոկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Նրա խոսքով՝ արդեն մի քանի շաբաթ Գորիսում լուրեր են տարածվում այն մասին, թե Առուշ Առուշանյանի թիմը պայմանավորվել է իշխանությունների հետ։
«Իբր, եթե Առուշանյանը հաղթի, ապա նրան կազատեն ինքնակամ հրաժարականի դիմաց։ Ես ուզում եմ հերքել այդ տեղեկությունները։ Նման պայմանավորվածություններ չկան եւ չեն կարող լինել»,- ընդգծեց Ալեքսանյանը։
Պատգամավորի կարծիքով՝ հանցագործություն կատարած ցանկացած քաղաքացի պետք է պատասխանատվության ենթարկվի՝ անկախ զբաղեցրած պաշտոնից։
Հիշեցնենք, որ Գորիս քաղաքում ընտրությունները տեղի են ունենալու հոկտեմբերի 17-ին։ Ընդ որում՝ համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը հուլիսի 16-ից կալանքի տակ է։ Նա մեղադրվում է քվեարկության գաղտնիքը խախտելու եւ ընտրական իրավունքի իրականացմանը խանգարելու մեջ։




























