Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտնենանտ Մովսես Հակոբյանը Երեւանից ժամանած մի խումբ լրագրողների հետ զրույցում, հայտարարել է թե Հայաստանի նախագահը որպես ղարաբաղյան հակամարտության լուծման պայման ներկայացրել է մի քանի կարեւոր սկզբունք։ Առաջինը՝ որ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, եւ հաջորդը՝ որ Ղարաբաղը Հայաստանի հետ պետք է ունենա ցամաքային սահման՝ որպես անվտանգության երաշխիք։ «Եթե դուք անվտանգության երաշխիքը տեսնում եք Լաչինի միջանցքում, ապա ինձ համար այդ երաշխիքները Քուռ գետի ափին են»,- հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարարը:
Պատասխանելով հարցին՝ կան արդյո՞ք տարաձայնություններ ԼՂՀ եւ Հայաստանի իշխանությունների մոտեցումների մեջ ղարաբաղյան կարգավորման հարցում, Մ. Հակոբյանը նշեց, թե քանի որ Ղարաբաղը չի հանդիսանում բանակցային կողմ, չի կարող բանակցային կողմերի հետ ունենալ տարաձայնություններ կամ հակասություններ: Ըստ Հակոբյանի, Ղարաբաղն ունի իր սեփական դիրքորոշումը եւ կարտահայտի այն, երբ դառնա բանակցային կողմ, անկախ նրանից՝ երկու թե երեք կողմ կմասնակցեն այդ բանակցություններին:
Մեկնաբանելով Իլհամ Ալիեւի վերջերս արած հայտարարությունն այն մասին, թե Ադրբեջանը երբեք չի համաձայնվի Լեռնային Ղարաբաղի ինքնուրույն կարգավիճակին, նախարարը նշեց. «Մենք բանակում մեր խնդիրը կատարում ենք, եւ չեմ կարծում, որ Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունը մեզ համար պետք է հիմք հանդիսանա»: Ըստ Հակոբյանի, պաշտպանական բանակի պատրաստվածությունը գտնվում է այնպիսի մակարդակի վրա, որը հակառակորդին այս 15 տարիների ընթացքում խաղաղություն է պարտադրել: «Ադրբեջանցիներին ոչ մի անգամ չի հաջողվել գերակայություն ստանալ շփման գծում»,- նշեց հրամանատարը:
Անդրադառնալով շփման գծից դիպուկահարների հեռացման առաջարկներին, գեներալն ասաց, որ նման առաջարկներն Ադրբեջանի կողմից են արվում եւ կրում են ձեւական բնույթ, բացի այդ Ղարաբաղից որեւէ մեկը նման առաջարկ չի արել: «Ղարաբաղի ղեկավարությունը կհամաձայնվի նման առաջարկի, եթե այն լուրջ լինի»,- ամփոփեց նախարարը:



























