Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մայիսի 27-ին ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ Հարավային Կովկասի առաջատար տնտեսագետ Պեդրո Ռոդրիգեսի գլխավորությամբ: NEWS.am-ը կառավարության մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ հանդիպմանը ներկա է եղել Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը:
Կողմերը քննարկել են ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի միջեւ համագործակցության ընթացիկ մանրամասներ եւ հետագա ընդլայնման հարցեր: Մասնավորապես՝ կարեւորվել է հանքահումքային արդյունաբերության ոլորտի զարգացումը: Ընդգծվել է ընդերքի մասին օրենսգրքի կատարելագործման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի հանքարդյունաբերության ոլորտում ներդրումների ծավալի մեծացմանը: Անդրադարձ է արվել նաեւ հարկային ոլորտում համագործակցության խորացման հարցերին:


























