Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ: «Մենք պատրաստ ենք քննարկելու ցանկացած նախաձեռնություն, լսելու ձեր կարծիքը, եւ ,իհարկե, սա լինելու է մեր գործունեության բաղկացուցիչ մասը: Ես ծանոթ եմ Հանրային խորհրդի կանոնադրությանը, գիտեմ, որ ձեր որոշումները պետական կառավարման մարմինների կողմից պարտադիր կատարման ենթակա չեն, քաղաքականության վրա ուղղակի ազդեցություն չեն ունենալու: Բայց բոլորիս համար էլ պարզ է, որ այս կառույցը ստեղծվել է, որպեսզի քաղաքականության վրա ազդեցություն ունենա: Առաջին հայացքից թվում է` սա հակասական է, բայց գոնե ինձ համար ակնհայտ է, որ այստեղ հակասություն չկա»,- ասել է նախագահը եւ հավելել, որ չէր ցանկանա, որ Հանրային խորհուրդը դառնար փակ ակումբի նման մի կառույց, այլ ընդհակառակը, լիներ կարծիքներ լսելու, գաղափարներ ընկալելու, որոշումներ կայացնելու մի մեծ խողովակ:
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը նախագահին տեղեկացրել է Խորհրդի հանձնաժողովների ձեւավորման եւ այլ կազմակերպչական հարցերի ընթացքի մասին: Նա ասել է, որ հանձնաժողովների կազմավորման ժամանակ հասարակական հիմունքով աշխատելու պատրաստ մարդկանց մեծ հոսք է արձանագրվել, ինչի արդյունքում հանձնաժողովներում ընդգրկվել են տարբեր ոլորտների բարձրակարգ մասնագետներ:
Խորհրդի նախագահը վստահություն է հայտնել, որ իր ղեկավարած կառույցին կհաջողվի քննարկել հասարակության լայն շերտերին հուզող խնդիրները եւ գտնել դրանց լուծման ուղիներ:



















