Հյուսիս-կովկասյան ռազմական օկրուգի ռազմական դատարանն այսօր 9 տարվա ազատազրկման է դատապարտել օկրուգի զորամասերից մեկի զինծառայող՝ ենթասպա Ջեմալ Նակաիձեին՝ Վրաստանի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով: Ռազմական դատարանը նրան մեղավոր է ճանաչել ՌԴ ՔՕ 275 (Պետական դավաճանություն լրտեսության տեսքով) հոդվածի հատկանիշներով:

Դատարանը միջինից ցածր պատիժ է նշանակել՝ հաշվի առնելով հանգամանքը, որ մեղադրյալը ակտիվորեն համագործակցել է դատաքննության հետ եւ պարգեւատրվել է պետական պարգեւներով: Հոդվածը, որով դատապարտվել է Նակաիձեն, նախատեսում է 12-ից 20 տարվա ազատազրկում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Իզվեստիան» հայտնում է, որ անցած տարվա փետրվարին, գտնվելով Վրաստանում՝ արձակուրդի մեջ, Նակաիձեն հավաքագրվել է վրացական ծառայությունների կողմից ռազմական բնույթի տվյալների հավաքման եւ փոխանցման համար: Դրա համար նրան դրամ եւ Բաթումիում բնակարան է խոստացվել, որտեղ ապրում էր նրա ընտանիքը: Հետաքննությունը պարզել է, որ անցած տարվա հուլիսից նոյեմբեր նա ակտիվորեն ռազմական բնույթի տվյալներ է հավաքել եւ անգամ լրտեսության է դրդել իր ընկերոջը: Դատաքննությունն ընթացել է փակ ռեժիմով երեք դատավորների մասնակցությամբ: Նակաիձեն զրկվել է նաեւ զինվորական կոչումից:

Այս տարվա օգոստոսին Հյուսիս-կովկասյան ռազմական օկրուգի ռազմական դատարանն նմանատիպ դատավճիռ է կայացրել փոխգնդապետ Միխայիլ Խաչիձեի նկատմամբ: Նա դատապարտվել է խիստ ռեժիմի գաղութում 6 տարվա ազատազրկման: Պարզվել էր, որ նա 2008թ. հունիսից հուլիս ինտերնետով վրացական կողմին է փոխանցել ռազմական գաղտինքներ: Խաչիձեն իր գործունեության համար ստացել էր 2 հազար դոլար: