Աֆրիկյան ասացվածքն ասում է. «Եթե չգիտես, թե ուր ես գնում, ետ դարձիր, որ իմանաս, թե որտեղից ես եկել»,-այս մասին Արգենտինայի հայ համայնքի Diario Armenia թերթի էջերում քննարկում է վերլուծաբան Պասկուալ Օհանյանը։ Նա դիմում է պատմական փաստերին, ասելով, որ 19-րդ դարում Բենգալիայում ազատության համար ազգային շարժում էր սկսվել, եւ շարժմանը խոչընդոտելու համար, այն, ըստ կրոնական դավանանքի բաժանեցին երկու մասի։ Սակայն, շարժումը շարունակվեց, եւ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Մեծ Բրիտանիան ստիպված եղավ նահանջել։ Բենգալիայի մի մասը անցավ Արեւելյան Պակիստանին (հետագայում՝ Բանգլադեշ), իսկ մյուս մասը՝ Հնդկաստանին։

Չնայած այն բանին, որ բենգալացիների մեծամասնությունը հինդուիզմ էր դավանում եւ ձգտում էր տարածքային ամբողջականության, ժողովրդին ստիպեցին դառնալ իսլամական Պակիստանի մի մասը։Կամայականությունը ծնեց նոր անուն՝ «Անկախ Բանգլադեշ», ինչպես նաեւ բենգալական պարտիզանական ջոկատներ, որոնց աջակցում էր Հնդկաստանը։ 1971 թվականին, ԱՄՆ-ի օժանդակությամբ, որը դավանում էր տարածաշրջանային ամբողջականությանը, Պակիստանը նահանջեց, եւ Բանգլադեշի ժողովրդի պայքարը վերջացավ հաղթանակով։

Նիգերիան մի երկիր է, որի ակունքները Պալեոլիթի դարաշրջանից են գալիս։ Բայց նրա սոցիալ-քաղաքական կյանքը սկսվել է ընդամենը Առաջին համաշխարհային պատերազմից հետո, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նոր ձեւավորվեցին քաղաքական կուսակցություններ, որոնք ապստամբություն սկսեցին բրիտանական տիրապետության դեմ։ 1947 թվականին Անգլիայի տիրապետության դեմ ծավալված հակաիմպերիալիստական գործողությունները ճնշելու նպատակով Նիգերիան բաժանվեց երեք մասի՝ հյուսիսային,արեւելյան եւ արեւմտյան։ Սակայն 1958 թվականին,Լոնդոնում կոնֆերանսի ժամանակ Նիգերիայի պատվիրակները իրենց երկրի համար ինքնիշխանություն պահանջեցին։ 1960 թվականին Նիգերիան անկախացավ։ Հետո երկրում սկսվեց ներքին խժդժություններ սկսվեցին եւ Արեւելյան Նիգերիան, որի բնակչության գերակշիռ մասը իգբո ցեղախմբից էր, հայտարարեց Բիաֆրայի անջատման մասին (Արեւելյան Նիգերիայի վարչական կենտրոն)։ Այստեղ նորից թատերաբեմ եկավ ԱՄՆ-ը՝ տարածքային ամբողջականության իր կարգախոսով, եւ Նիգերիայի կառավարությանը զինեց անհրաժեշտ զենքերով։ Սրա հետ մեկտեղ՝ ԱՄՆ կարողացավ իգբո ցեղախմբի հախից գալ ՝առանց արյուն թափելու։

Այս ամենը ի մի բերելով՝ պետք է նշել, որ երբ ԱՄՆ-ը 1776 թվականին Բրիտանական կայսրությունից անկախություն ձեռք բերեց, դա արեց հենց իրավահավասարության եւ ժողովրդների ինքնորոշման իրավունքի մասին կարգախոսներով։

Այդպիսով, ըստ տրամաբանության, ԱՄՆ-ը պետք է դառնար հավասարության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի պաշտպանը։ Այնուամենայնիվ, դա տեղի չունեցավ՝ նա միշտ պետությունների կողքին էր, ոչ թե ժողովուրդների։

Վերլուծաբանը այստեղ մեջբերում է վերոհիշյալ աֆրիկյան ասացվածքը, հիշեցնելով, որ 1974 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան ընդունել է երկու բավականին իրարամերժ դրույթներ՝ կապված տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հետ։

"Այն պատճառով, որ ձգտում են ամեն գնով կյանքի կոչել առաջին դրույթը, ժողովուրդները հնարավորություն չեն ունենում երկրորդը իրականացնելու, այսինքն՝ չեն կարողանում ձեռք բերել քաղաքական անկախություն։

Դիմելով երկրորդ դրույթին՝ Արցախի ժողովուրդը կարողացավ ձեռք բերել ինքնիշխանություն, իր հողը եւ սեփական լեզուն ազատագրեց օտարից։