«Եթե այսպես շարունակվի, իշխանությունները Հայաստանը կվերածեն թուրքական վիլայեթի»,- հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Արա Նռանյանը՝ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին։

Նշելով, որ հայ-թուրքական արձանագրությունները գովերգողներն առնվազն միամիտ են կամ չեն հետեւում թուրքական մամուլի հրապարակումներին եւ հասարակական կարծիքին, Նռանյանն ակնհայտ համարեց, որ նույնիսկ իշխանություններն են մտահոգություն հայտնում դրանց շուրջ, ինչի ապացույցը ՀՀ նախագահի ուղերձն էր հայ ժողովրդին։

Մյուս բանախոսի՝ ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանի տեսակետին, թե Դաշնակցությունը տեղյակ չի եղել այն երկարատեւ գործընթացից, որ նախորդել է փաստաթղթերի ստորագրմանը եւ քաղաքական այդ ուժն, առհասարակ, մայրամուտ է ապրում, Արա Նռանյանը պատասխանեց, որ «մայրամուտ ոչ թե Դաշնակցությունն է ապրում, այլ շուտով Հայաստանի մայրամուտն է լինելու»: Նրա համոզմամբ, գործընթացի բացասական զարգացումները կանխելու միակ միջոցն այն է, որ ՀՀ ԱԺ-ն, չսպասելով թուրքական կողմի գործողություններին, առաջինն օրակարգ մտցնի արձանագրությունները եւ մերժի դրանց վավերացումը։

Պատասխանելով նրա այս դիտարկմանը, հանրապետական գործիչը նկատեց, թե «իրենք էլ շատ լավ գիտակցում են, որ Թուրքիան կփորձի ձգձգել վավերացման գործընթացը, բայց այդ դեպքում հայկական կողմն էլ պահանջներ կներկայացնի»:

Արա Նռանյանի խոսքով, «եթե առաջ Հայաստանը Թուրքիայի հետ հանդես էր գալիս հավասար դիրքերից, ապա այժմ մենք միայն զիջողի կարգավիճակում ենք»: