«Բջնի հանքային ջրերի գործարան» ընկերության գլխավոր տնօրեն Լ. Հարությունյանը դիմում է հղել ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանին, ՀՀ ոստիկանության պետ Ա. Սարգսյանին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Ա.Հարությունյանին, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գ.Խաչատրյանին, որում նշել է, թե «Բջնի» ընկերությունը բազմիցս դիմել է ԴԱՀԿ ծառայությանը՝ խնդրելով տրամադրել կատարողական վարույթի նյութերը, սակայն առ այսօր ԴԱՀԿ ծառայությունը չի տրամադրում դրանք, այն դեպքում, երբ ՀՀ վարչական դատարանում ԴԱՀԿ ծառայությունը դեռեւս սեպտեմբերի սկզբին խոստացել էր երեք շաբաթում տրամադրել նյութերը:
«Այս երկրում, որտեղ, իբր, օրենքներն են գործում, ԴԱՀԿ ծառայությունը չի տրամադրում օրենքով հասանելիք փաստաթղթերը: …Հարց է ծագում, ինչո՞ւ է ԴԱՀԿ ծառայությունը խուսափում տրամադրել կատարողական նյութերի պատճեները: Ի՞նչն է պատճառը: Ինչո՞ւ է ԴԱՀԿ ծառայությունը խախտում օրենքի իմպերատիվ պահանջը: Ի՞նչ ունի նա թաքցնելու կատարողական վարույթի կողմից` պարտապանից»,- նշում է «Բջնիի» տնօրենը եւ կասկած հայտնում, որ ԴԱՀԿ ծառայությանը որեւէ գումար չի վճարվել, եւ ԴԱՀԿ ծառայությունը դրամարկղի կեղծ օրդեր է տվել մեկ անգամ գումարի մուտքի եւ մեկ անգամ էլ գումարի վերադարձի համար:
«Բջնին» նշված պաշտոնյաներին խնդրում է միջամտել եւ պատասխանատվության ենթարկել մեղավոր անձանց:
Հիշեցնենք, որ «Բջնին» պատկանում էր ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին: Երբ վերջինս հայտնեց Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցելու իր որոշւման մասին, «Բջնիի» դեմ հսկայական տուգանքներ դրեցին եւ պետականացրին: Այնուհետ գործարանը գնել էր պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, բայց կարճ ժամանակ անց ետ էր վերադարձրել՝ դատարանի պահանջով:




























