Նինո Բուրջանաձեն անիմաստ է համարել Վրաստանի խորհրդարանի որոշումը` Վրաստանում կրոնական միավորումներին իրավական կարգավիճակ տալու մասին, նշելով, որ դա իր հետեւից բացասական հետեւանքներ կբերի:

«Սահակաշվիլիի ռեժիմի կողմից, արագացված կարգով, սովորաբար անիմաստ որոշումներ կայացնելու քաղաքականությունը, օրեցօր ավելի ծանր է անդրադառնալու ինչպես արտաքին հարաբերությունների, այնպես էլ Վրաստանի քաղաքացիների կյանքի վրա»,- ասված է Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, ներկայումս ընդդիմադիր «Ժողովրդավարական շարժում-Միասնական Վրաստան» կուսակցության ղեկավար Նինո Բուրջանաձեի այսօր` հուլիսի 6-ին տարածած հայտարարության մեջ:

Կուսակցությունը կարծում է, որ «այդպիսի հարցերը պետք է հրապարակային քննարկման առարկա դառնան, նաեւ Վրաց ուղղափառ եկեղեցու հետ կոնսենսուսի արդյունք լինեն»:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ փոփոխություններ է կատարել Քաղաքացիական օրենսգրքում, ըստ որի հինգ կրոնական միավորման շնորհվում է իրավաբանական անձի կարգավիճակ:

Իրավաբանական անձի կարգավիճակ է տրվում Վրաստանում  Հայ առաքելական եկեղեցուն, Հռոմի կաթոլիկ եկեղեցուն, մահմեդական եւ հրեական համայնքներին,  Բապտիստական եկեղեցուն:

Իրավաբանական անձի կարգավիճակը կազմակերպությանը թույլ է տալիս իրականացնել քաղաքական, պետական, սոցիալական, լուսավորչական, մշակութային եւ հանրային այլ գործունեություն` անկախ պետական վերահսկողությունից:

Երկրորդ եւ եզրափակիչ ընթերցումը նախատեսված է հուլիսի 6-ին: