Բաթումիի դատարանը վճիռ է կայացրել Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու մեջ կասկածվող 9 անձանց նկատմամբ: Նրանք բոլոր էլ մեղավոր են ճանաչվել, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ամբաստանյալից հինգը Վրաստանի քաղաքացիներ են, չորսը` ռուսաստանցիներ: Նրանցից 2-ը հայ են: Դատարանը նրանց դատապարտել է 11-ից 14 տարվա ազատազրկման:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, 2010թ. նոյեմբերի 5-ին Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել էր 13 անձանց ձերբակալության մասին, այդ թվում` Բաթումիի «Սեյբորդ» ընկերության տնօրեն Արմեն Գեւորգյանին եւ նրա տեղակալ Ռուբեն Շիկոյանին, գործարար Պետրե Դեվրիշաձեին, Յու. Սկրիլնիկովին:

Գեւորգյանին եւ Շիկոյանին մեղադրել են լրտեսության մեջ: Բաթումիի հայ համայնքի ներկայացուցիչները հայտնել են, որ Գեւորգյանն ու Շիկոյանը միշտ էլ հայտնի են եղել որպես բարեխիղճ քաղաքացիներ եւ երբեք հակաօրինական գործողություններ չեն կատարել: