Եթե իշխանությունները չլսեն ժողովրդին եւ վավերացնեն հայ-թուրքական արձանագրությունները, ապա ժողովուրդը կսրբի վավերացնողներին: Այդ մասին հայտարարել է Հայ հեղափոխական դաշնակցության Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը հոկտեմբերի 16-ին կայացած ՀՅԴ հանրահավաքում:
Հովհաննիսյանը իր խոսքը սկսեց ցավակցություններով, որ «մեզ չհաջողվեց ձախողել չարաբաստիկ արձանագրությունների ստորագրումը»: «Նաեւ ցավակցություններս ԱԳ նախարարին, որին եվրոպացի չինովնիկներից մեկը թույլ տվեց թշերին խփել»,- նշեց դաշնակցական պատգամավորը: Վերջինս անդրադառանալով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձին, նատեց, որ ուղերձը պարունակում էր բոլոր այն մտահոգությունները, որ իրենք էլ ունեն: «Սա նշանակում է, որ իշխանությունները սկսում են հասկանալ մեր մտահոգություննները: Ուրեմն պիտի ավելի սեղմենք օղակը, ճնշումը, որ չվավերացնեն: Եթե ժողովրդի ձայնը չլսեն եւ վավերացնեն, ապա ժողովուրդը կսրբի այդ փաստաթղթերը ստորագրողներին»,- ասաց Վահան Հովհաննիսյանը եւ դիմեց ԱԺ պատգամավորներին. «Նրանք պետք է կողմնորոշվեն, իշխանությա՞ն հետ են, թե՞ ժողովրդի: Նախագահի ուղերձը պետք է ձեզ համար դառնա ուղեցույց եւ չփորձեք անտեսել նրա մտահոգությունները»:




























