Այն ժամանակ, երբ Թուրքիան ու Հայաստանը պատրաստվում են կարգավորել իրենց հարաբերությունները եւ բացել սահմանը, վտանգ է առաջանում, թե Երեւանի ու Թբիլիսի միջեւ փոխհարաբերությունները կարող են վատանալ եւ ավելի խորացնել տարածաշրջանային լարվածությունը: Այդ մասին գրում է վրացական «Սաքարթվելոս ռեսպուբլիկա» թերթը՝ նկատելով, որ Վրաստանի հայ համայնքը պաշտոնապես խնդրել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին քաղաքական եւ մշակութային ոլորտներում պահանջներ ներկայացնել Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին:
«Սակայն նախագահ Սարգսյանը այդ ժամանակ չէր ցանկանում հակադրվել իր համար կենսական նշանակություն ունեցող գործընկերոջ հետ, քանի որ թուրքերի հետ հարաբերությունները դեռ անհեռանկարային էին թվում»,- գրում է թերթը:
Վկայակոչելով վերլուծաբանների՝ «Սաքարթվելոս ռեսպուբլիկան» շարունակում է. «Հայ-թուրքական սահմանի բացումը կասկածի տակ է դնում Վրաստանի, որպես Հայաստանի համար միակ միջանցքի, դերը: Վրաստանը կկորցնի տարանցիկ մայրուղու՝ Հայաստանի համար կարեւոր իր դերը: Իսկ այդ հանգամանքը կփոխի Հայաստանի վերաբերմունքը Վրաստանի նկատմամբ, եւ առավել եւս վերաբերմունքը Ջավախքի հայերի անկախության նկատմամբ, ինչն էլ կհանգեցնի երկու կողմերի միջեւ հակամարտության խորացման:
Թբիլիսին իր հերթին վախենում է, որ Ջավախքի ինքնիշխանության յուրաքանչյուր շարժում՝ Վրաստանում բնակվող էթնիկ խմբերին կհանի կենտրոնական իշխանությունների դեմ:
Պարզ չէ, կփորձի՞ Հայաստանը՝ հօգուտ Ռուսաստանի, սկսել Վրաստանի նկատմամբ սադրանքները, թե՞ ոչ։ Երեւանին որքան հնարավոր է շատ ընկերներ են հարկավոր, հատկապես, որ Ադրբեջանի հետ նրա սառը պատերազմը դեռ շարունակվում է»,- դատողություններ է անում հոդվածագիրը: Միեւնույն ժամանակ նա արձանագրում է, որ Սերժ Սարգսյանի նախաձեռնություններն իրենց մեջ տնտեսական բաղադրիչ չեն պարունակում եւ չեն կարող ազդել տարածաշրջանի տնտեսական իրավիճակի վրա:
«Եկեղեցի, լեզու, պատմություն… Ջավախքի ազգայնականները հավատում են, որ իրենց մարզը կմտնի միացյալ պետության՝ Մեծ Հայքի մեջ: Եւ նրանց հավատն ավելի է ուժգնանում: Հայ ազգայնականները կարող են շուտով Վրաստանին հակազդեցության մղել, ինչն էլ Կովկասում նոր հակամարտության առիթ կդառնա»,- նշված է հոդվածում:




























