«Եթե իշխանությունները խորանան այս գործընթացում, ապա կամա թե ակամա հայտնվելու են հակահայկական ծրագրերը սպասարկողի դերում եւ բնականաբար մենք այդպիսի իշխանությունների հանդուրժել չենք կարող եւ այդ դեպքում նրանք պետք է հեռանան, որպեսզի գա մի ուժ, որը կարող է դիմադրել»,- այսօր ՀՅԴ կազմակերպած հանրահավաքում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Սակայն անմիջապես հետո նա նշեց, որ ՀՅԴ-ն նախագահի հրաժարական չի պահանջում:
"Մեզ ասում են ինչո՞ւ հրաժարական չեք պահանջում: Դրանից հեշտ գործ չկա, կարող ենք դա էլ անել ու ասել, էլ ինչ եք մեզանից ուզում: Ի դեպ, կան այդպիսիները, որոնք հրաժարական են պահանջել ու գնացել մի կողմում նստել են, ասելով, թե թողնում են, որ մյուս ուժերն ակտիվանան: Բա որ ակտիվանում են այդ ուժերը, ինչո՞ւ եք վատ զգում: Իրենք վատ են զգում, չարությամբ են լցվում: Ի՞նչն է նպատակը. միգուցե Դուք ուզում եք, որ սա տեղի ունենա, որ հետո գաք իշխանություն ու ասեք. «դե արդեն փաստի առաջ ենք կանգնել, ինչ անենք», ասաց նա ու հավելեց. «Ոչ: Սրանից հետո, ով եկավ, առաջին գործը պետք է լինի չեղյալ համարել այս գործընթացը: Եթե մենք արդեն ասյ փուլում ենք հայտնվել, միայն այն ուժին պետք է ձայն տա ժողովուրդը, որը հստակ կհայտարարի, որ գալիս է չեղյալ հայտարարելու: Սա է չափանիշը»:
Ա. Ռուստամյանը հայտարարեց, թե իրենց պայքարը «ընդդեմի» պայքար չի, այլ «հանունի» պայքար է, որի կարգախոսը «Ոչ»-ն է ու «Մի զիջիր»-ը:
«Այդ պահանջը դեռ հրաժարականի պահանջ չի, բայց դա շատ տրամաբանորեն կարող է հանգել հրաժարականի պահանջի: Ինչո՞ւ են ուզում մեզ ստիպել, որ սելը եզներից առաջ դնենք: Ուրեմն մենք այդքանը չե՞նք հասկանում: Թող մեզ չխանգարեն»,- կրկին առանց անուն նշելու, սակայն Հայ ազգային կոնգրեսին դիմելով ասաց Ա. Ռուստամյանը: Հիշեցնենք, որ իր հետ հարթակում կանգնած էին «Ժառանգության» եւ ՆԺԿ-ի ներկայացուցիչները, որոնք այսօր արդեն պահանջում են Սերժ Սարգսյանը հրաժարականը եւ դրանով ըստ Ա. Ռուստամյանի, «սելը եզներից առաջ են դնում»:
Այնուհետեւ նա պարզաբանել է, թե ինչու ՀՅԴ-ն նախագահյի հրաժարականի պահանջ առաջ չի քաշում: «Եթե մենք այստեղ դնենք հրաժարականի հարց, ես հավատացնում եմ, որ հաջորդ օրը առաջ է գալու հարցը, թե ով է հրաժարականից հետո նստելու նախագահի աթոռին ու քանդվելու է ամեն ինչ»:




























