Եվրամիությունը հաջորդ շաբաթ պետք է ներկայացնի ռազմավարություն, որը նախատեսում է ավելի քան 40 միլիարդ եվրոյի (45,9 միլիարդ դոլար) հատկացում՝ Չինաստանին դիմակայելու նպատակով տեխնոլոգիաների եւ ենթակառուցվածքների զարգացման համար: Այս մասին հինգշաբթի հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով համապատասխան փաստաթղթի նախագծին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ Բրյուսելը մտադիր է դիմակայել Պեկինի «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» տնտեսական նախաձեռնության իրականացմանը։ Գործակալության տվյալներով՝ ԵՄ նոր ռազմավարությունը, որը կոչվում է «Գլոբալ դարպասներ» (Global Gateway), նախատեսում է ներդրումներ աշխարհի տարբեր մասերում առեւտրի, տրանսպորտի, թվային տեխնոլոգիաների եւ էներգետիկայի ոլորտներում իրականացվելիք նախագծերում։
Ինչպես գրում է Bloomberg-ը, փաստաթղթի նախագծում ասվում է, որ պլանը «հովանոցային բրենդ ապահովի ամբողջ աշխարհի ենթակառուցվածքներում ԵՄ ներդրումների համար», որոնք արդեն «ընդարձակ են»: Բրյուսելը ձգտում է ամրապնդել ԵՄ անդամների միջեւ կապերը եւ համագործակցությունը այլ տարածաշրջանների գործընկերների հետ: Գործակալությունից պարզաբանում են, որ միջոցները նախատեսվում է հատկացնել Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամի մեխանիզմի ֆինանսական պարտավորությունների տեսքով։ Բացի այդ, փաստաթղթի նախագծում նշվում է, որ ապագայում ԵՄ ներդրումների ծավալը երկրների եւ տարածաշրջանների փոխկապակցման մեջ պետք է զգալիորեն ավելանա՝ «Գլոբալ Եվրոպա»-ի զարգացման աջակցության ծրագրի շրջանակներում, որի ընդհանուր բյուջեն կազմում է 79,5 միլիարդ եվրո (91 միլիարդ դոլար):
«Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնությունը հայեցակարգ է, որն առաջարկվել է 2013 թվականին՝ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի կողմից՝ հնարավորինս շատ երկրների մասնակցությամբ եւ չինական ու օտարերկրյա կապիտալի օգտագործմամբ միջազգային բազմակողմ առեւտրային եւ ներդրումային նախագծեր ակտիվացնելու համար: Դրան արդեն միացել են ավելի քան 150 երկրներ եւ միջազգային կազմակերպություններ։





























