NEWS.am-ի տեղեկություններով՝ ՏԻՄ ընտրություններին ընդառաջ Սյունիքի մարզի Կապան համայնքում «Քաղաքացիական պայմանագրի» այսօր՝ նոյեմբերի 11-ին անցկացրած նախընտրական հանրահավաքին մասնակցել է ընդամենը 200-ից 250 քաղաքացի: 

Կազմակերպչական աշխատանքները վստահվել էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին, որն այդ առաքելությամբ Սյունիքում է գտնվում:

Մեզ հասած տեղեկություններով՝ մարզպետարանը ներգրավված է եղել հանրահավաքի կազմակերպման գործընթացին, վերածվել է այսպես ասած նախընտրական շտաբի, որտեղ նախօրեին մինչև ուշ գիշեր ակտիվ կազմակերպչական աշխատանքներ են կատարվել, փորձել են հանրահավաքին անհրաժեշտ մասնակցություն ապահովել: Թեեւ հրահանգված է եղել, որ տեղի պետական կառույցների աշխատողները ներկա լինեն նախընտրական հանրահավաքին, սակայն հաջողվել է հավաքել միայն 200-ից 250 քաղաքացի:

Ի դեպ, այս անգամ նախընտրական աշխատանքների կազմակերպումը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանին չեն վստահել Գորիս համայնքի ՏԻՄ ընտրություններում գրանցած պարտության պատճառով. այդ ժամանակ աշխատանքները հենց նա էր համակարգել:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում երկու քաղաքական ուժ է պայքարելու՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը, որի համամասնական ցուցակը գլխավորում է ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը, եւ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը, որի համայնքապետի թեկնածուն գործող համայնքապետ Գեւորգ Փարսյանն է: