Մոլդովայում ձերբակալվել է Քիշնեւում քաղաքի օրվան նվիրված տոնակատարության ժամանակ կազմակերպած պայթյունի կասկածյալը։ Այդ մասին հոկտեմբերի 16-ին հանրային հեռուստաընկերության եթերով հայտարարել է Մոլդովայի ՆԳ նախարար Վիկտոր Քաթանը։ Նրա խոսքով՝ ձերբակալությունը իրականացվել է վկաների վկայությամբ ստեղծված ֆոտոռոբոտի հիման վրա։
Նշված ֆոտոռոբոտը հինգշաբթի օրը, երեկոյան ցուցադրվել է նաեւ Մոլդովայի հեռուստաընկերությունների եթերով։
«Մենք արդեն ձերբակալել ենք կասկածյալին, որը համապատասխանում է նշված նկարագրություններին։ Այնուամենայնիվ հետաքննությունը շարունակվում է, ինչպես նաեւ շարունակվում է հնարավոր հանցագործի կամ հանցագործների փնտրտուքը։ Ելնելով անմեղության կանխավարկածից դեռ վաղ է խոսել այլ մանրամասնոււթյունների վերաբերյալ»,- հայտարարել է Քաթանը, նշելով, որ հետաքննական խումբը պարզում է 23-ամյա երիտասարդի մասնակցությունը հանցագործությանը, ով հագել էր մուգ կանաչ վերնազգեստ եւ սեւ ջինս։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին Քիշնեւում, քաղաքի օրվան նվիրված տոնակատարության ժամանակ, տեղի է ունեցել «РГ-42» տիպի նռնակի պայթյուն։ Վիրավորվել է ավելի քան 40 մարդ, որոնցից մի մասը մինչ այսօր դեռ հիվանդանոցում է։ Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, հանցագործը զենքից օդ է կրակել, սակայն կրակոցը տոնական համերգի բարձր ձայնի պատճառով չի լսվել։




























