Տաթեւ համայնքի ավագանու «Շանթ Դաշինք» խմբակցությունը դիմել է համայնքապետարան, որպեսզի հրավիրվի ավագանու առաջին նիստը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց «Շանթ Դաշինք» խմբակցության համայնքապետի թեկնածու Սամվել Լալայանը։
«Ավագանու մեկ երրորդ մասը իրավունք ունի նիստ հրավիրելու պահանջ ներկայացնի։ Դիմել ենք համայնքապետարան, մեզ տեղեկացրել են, որ նոյեմբերի 15–ին կհրավիրվի ավագանու առաջին նիստը»,– ասաց Սամվել Լալայանը։
Նշենք, որ ավագանու առաջին նիստը պետք է հրավիրեր համայնքապետը, որի պաշտոնակատարն է Արթուր Մաթեւոսյանը։
Հիշեցնենք՝ Տաթեւ համայնքում ՏԻՄ ընտրությունները կայացել էին հոկտեմբերի 17–ին։ Անցողիկ շեմը հաղթահարել էին երեք ուժ՝ «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Ապրելու երկիր» կուսակցությունները։ Ուժերից ոչ մեկին չէր հաջողվել մեծամասնություն կազմել։ Նախօրեին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին Տաթեւ համայնքի ավագանու՝ «Շանթ Դաշինք» եւ «Ապրելու երկիր» խմբակցությունները։
Երկու խմբակցությունները համայնքի ղեկավար կընտրեն «Շանթ դաշինք» կուսակցության համամասնական ցուցակի առաջին համար Սամվել Լալայանին, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ՝ «Ապրելու երկիր» կուսակցության համամասնական ցուցակի առաջին համար Մարատ Գերասիմյանին։



























