Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը թյուրքալեզու երկրներին կոչ է արել համակարգված մոտեցումներ մշակել համաշխարհային հանրության առջեւ ծառացած խնդիրների լուծման համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Այս մասին Թուրքմենստանի ղեկավարն ասել է Ստամբուլում՝ ելույթ ունենալով Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի VIII գագաթնաժողովում։

«Առաջարկում եմ ամրապնդել եղբայրական ժողովուրդների եւ պետությունների հարաբերությունները, համակարգային մոտեցում ցուցաբերել համաշխարհային հանրության առջեւ ծառացած խնդիրների լուծմանը, ինչը հատկապես կարեւոր է աշխարհում տեղի ունեցող ոչ միանշանակ գործընթացների եւ լուրջ փոփոխությունների լույսի ներքո»,-ասել է Բերդիմուհամեդովը։

Նրա խոսքով՝ թյուրքալեզու երկրների հետեւողականությունն ու ակտիվությունը, որը որոշվում է նրանց հեղինակությամբ եւ ռազմավարական քաղաքական ու դիվանագիտական ​​կոնյուկտուրայով, կարող է առանցքային դեր խաղալ միջազգային եւ տարածաշրջանային գործընթացներում, առաջին հերթին Կենտրոնական Ասիայում, Կասպից եւ Սեւ ծովերում կայուն զարգացման ապահովման գործում։

Թուրքմենստանի ղեկավարն ընդգծել է, որ ներկայիս պայմաններում անհրաժեշտ է ընդլայնել թյուրքական երկրների փոխգործակցությունը ՄԱԿ-ի, Իսլամական համագործակցության կազմակերպության, Տնտեսական համագործակցության կազմակերպության եւ այլ միջազգային եւ տարածաշրջանային կառույցների շրջանակներում։

«Այս առումով նպատակահարմար ենք համարում սկսել ՄԱԿ-ի աշխատանքներին թյուրքալեզու պետությունների միության առավել ակտիվ եւ արդյունավետ մասնակցության ռազմավարության մշակումը։ Մեր միության եւ ՄԱԿ-ի միջեւ համագործակցության ապահովումը հատուկ միջազգային փաստաթղթում հետեւողական քայլ կլինի այս ուղղությամբ»,-ասել է Բերդիմուհամեդովը։