Եվրամիությունը քննարկում է Բելառուսի մոտ 20 պաշտոնյայի, ինչպես նաեւ Մինսկի ազգային օդանավակայանի եւ «Մինսկ» հյուրանոցի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը՝ լեհ-բելառուսական սահմանին միգրացիոն ճգնաժամի հետ կապված։ Այս մասին հայտնում է բրիտանական Financial Times թերթը՝ վկայակոչելոբ դիվանագիտական աղբյուրները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Դրանց տվյալներով՝ սահմանափակող միջոցները կարող են տարածվել նաեւ Cham Wings Airlines սիրիական ավիաընկերության վրա՝ չնայած նրան, որ նոյեմբերի 13-ից ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները դեպի Մինսկ։ Նշվում է, որ «Մինսկ» հյուրանոցի դեմ պատժամիջոցներ կարող են կիրառվել այն պատճառով, որ այդ հյուրանոցում, ինչպես նշում է պարբերականը, միգրանտներ են տեղավորվում, որոնք հետո փորձում են հասնել Լեհաստան։
Միեւնույն ժամանակ, թերթն ընդգծում է, որ ԵՄ անդամ երկրները դեռեւս կոնսենսուսի չեն հանգել Մինսկի ազգային օդանավակայանի նկատմամբ սահմանափակումների շուրջ՝ «գոյություն ունեցող իրավական դժվարությունների» պատճառով։ Ընդ որում, պատժամիջոցների ցուցակը վերջնական տեսքի կբերվի մի քանի շաբաթվա ընթացքում, քանի որ «Եվրամիությունը համաձայնեցնում է իր արձագանքը դաշնակիցների հետ»։
Նոյեմբերի 15-ին Բրյուսելում տեղի կունենա ԵՄ խորհրդի` արտգործնախարարների մակարդակով պլանային նիստը, որի հիմնական թեման կլինի Բելառուսում միգրացիոն ճգնաժամի եւ այս երկրի դեմ նոր պատժամիջոցների քննարկումը։ Ինչպես նոյեմբերի 12-ին ՏԱՍՍ-ին հայտնել էր աղբյուրը ԵՄ արտաքին քաղաքական ծառայությունում, ԵՄ երկրների արտգործնախարարները կհաստատեն Բելառուս ներգաղթյալների թրաֆիքինգի հետ կապված անձանց եւ կազմակերպությունների սեւ ցուցակի ստեղծման չափանիշները, ընդ որում, այդ ցուցակի լրացումը սպասվում է ավելի ուշ:
ԵՄ խորհուրդը մտադիր է պատժամիջոցների նոր ռեժիմ ստեղծել, որը կարող է կիրառվել ինչպես Բելառուսի, այնպես էլ այլ պետությունների ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ։ Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց դեմ նոր պատժամիջոցները, որոնց Բրյուսելը կմեղադրի Բելառուսով ԵՄ երկրներ մարդկանց թրաֆիքինգի մեջ, բովանդակությամբ նույնական կլինեն Բրյուսելի կողմից ավելի վաղ ներդրված նպատակային սահմանափակող միջոցներին. ԵՄ մուտքի արգելք եւ բոլոր ֆինանսական միջոցների սառեցում ԵՄ երկրներում:



























