Հունաստանը կրկին Բրիտանական թանգարանից պահանջել է վերադարձնել հնագույն քանդակները, որոնք ավելի քան 200 տարի առաջ տարվել են Աթենքի Պարթենոնից, հայտնում է Reuters-ը։

Կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Յանիս Օյկոնոմուն լրագրողներին ասել է, որ այդ հարցը կբարձրացվի Լոնդոնում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի եւ նրա հույն գործընկեր Կիրիակոս Միցոտակիսի հանդիպման ժամանակ։

17 մարմարե արձաններն ու ֆրիզի մի մասը, որը զարդարել է Ակրոպոլիսի 2500-ամյա հուշարձանը, 19-րդ դարի սկզբին տարել է Օսմանյան կայսրությունում Մեծ Բրիտանիայի դեսպան լորդ Էլջինը: Մեծ Բրիտանիան պնդում է, որ Էլջինը քանդակները ձեռք է բերել օրինական ճանապարհով, երբ օսմանցիները կառավարել են Հունաստանում:

«Պարթենոնի քանդակները վերադարձնելու պատասխանատվությունն ամբողջությամբ ընկած է Միացյալ Թագավորության կառավարության վրա»,- ասել է Օյկոնոմուն՝ հավելելով, որ այս հարցի շուրջ կառավարությունների միջեւ բանակցություններ վարելու Հունաստանի խնդրանքը սատարել է մշակութային ՅՈՒՆԵՍԿՕ գործակալությունը: