Ճապոնիայի կառավարությունը որոշել է դեկտեմբերի 5-ին հանդիսավոր արարողություններ անցկացնել արքայադուստր Այկոյի՝ կայսր Նարուհիտոյի եւ կայսրուհի Մասակոյի միակ զավակի չափահաս դառնալու կապակցությամբ։ Այս մասին այսօր պաշտոնապես հայտարարել է Կայսերական արքունիքի տնօրինությունը՝ հատուկ նախարարություն, որը զբաղվում է միապետի ընտանիքի գործերով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Արքայադուստրը 20 տարեկան կդառնա չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 1-ին, սակայն տոնակատարությունները կանցկացվեն հաջորդ կիրակի` Տոկիոյի Գակուշուին համալսարանում աղջկա ուսմանը չխանգարելու համար, որտեղ նա խորությամբ ճապոնական գրականություն է ուսումնասիրում։
Արարողությունների ընթացքում Այկոն նախ կայցելի ազգային սինտո կրոնի սրբավայրեր՝ նվիրված, մասնավորապես, կայսերական ընտանիքի նախնիներին։ Այնուհետեւ նա առաջին անգամ կհայտնվի պալատում երկար պալատական զգեստով, եւ հայրը նրան կնվիրի Սրբազան թագի շքանշանը ժապավենի վրա, որը շնորհվում է կայսերական ընտանիքի չափահաս աղջիկներին:
Ենթադրվում է, որ ադամանդե տիարան, որը կզարդարի արքայադստեր սանրվածքը, ժամանակավորապես կվերցնեն Այկոյի մորաքրոջից՝ նախկին արքայադուստր Սայակոյից։ 2005 թվականին նա ամուսնացել էր հասարակ մարդու հետ եւ կորցրել էր իր իրավունքները՝ որպես կայսերական ընտանիքի անդամ։ Նոր տիարա առայժմ որոշվել է չպատվիրել՝ համավարակի հետ կապված սահմանափակումների պատճառով։ Նույն պատճառով նաեւ բանկետ չի անցկացվի:
Ընտրված գործադիր իշխանության եւ երկրի բնակչության անունից արքայադստերը չափահաս դառնալու կապակցությամբ դեկտեմբերի 5-ին պալատում կդիմավորի Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան։ Արարողություններին կմասնակցեն նաեւ կայսերական ընտանիքի անդամները։
Արքայադուստր Այկոն համալսարան էր ընդունվել 2020 թվականին։ Ճապոնական գրականություն ուսումնասիրելուց բացի, նա այնտեղ անգլերենի եւ իսպաներենի եւ մի շարք այլ առարկաների դասընթացներ է անցնում։ Նա չի կարողանա ապագայում կայսրուհի դառնալ, քանի որ գահը երկրում անցնում է միայն արական սեռի ներկայացուցիչներին։ Միեւնույն ժամանակ, ըստ հարցումների, ճապոնական հասարակության զգալի մասը պատրաստ է աջակցել այդ կարգի փոփոխությանը։



























