Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախատեսում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել իրավիճակը լեհ-բելառուսական սահմանին, տեղեկացնում է БелТА-ն։
«Եթե մեզ այսօր ռազմատեխնիկական, պաշտպանական բնույթի ինչ-որ օգնություն է պետք (սա մեր՝ Միութենական պետության ընդհանուր սահմանն է), դուք ասեք։ Ես կխոսեմ Ռուսաստանի նախագահի հետ եւ կխնդրեմ, որպեսզի միանա եւ, եթե պետք է, համապատասխան աջակցություն ցուցաբերի՝ նրանց չներքաշելով փախստականների այս ճգնաժամի մեջ։ Որովհետեւ դուք տեսնում եք, որ ամբողջ պատասխանատվությունը հավաքական Արեւմուտքի այդ սրիկաները դնում են Ռուսաստանի վրա, որն առայժմ դրա հետ ոչ մի կապ չունի»,- ասել է Լուկաշենկոն։
Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը միգրանտների ճգնաժամի թեմայով հեռախոսային բանակցությունների արդյունքներով դադար է վերցրել, որպեսզի քննարկի իրավիճակը Եվրամիության երկրների հետ։
Լուկաշենկոյի եւ Մերկելի հեռախոսազրույցը կայացել է երկուշաբթի՝ նոյեմբերի 15-ին։ Բանակցությունները տեւել են 50 րոպե, խոսակցության ընթացքում Բելառուսի եւ Գերմանիայի ղեկավարները քննարկել են լեհ-բելառուսական սահմանին մնացած փախստականների հումանիտար աջակցության հարցերը։
Իրավիճակը սրվել էր նոյեմբերի 8-ին, երբ Լեհաստանի սահմանին էր մոտեցել մոտ 3 հազար անլեգալ։ Խոսքը Մերձավոր Արեւելքի ե Աֆրիկայի երկրներից փախստականների մասին է, որոնք օրինական ճանապարհով թռչում են Բելառուս, իսկ հետո գնում են դեպի Լեհաստանի կամ Մերձբալթյան երկրների կողմը՝ փորձելով անցնել Եվրամիության երկրներ։



























