Իշխանությունն առաջարկում է մեկ տարով երկարացնել հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ նիստում «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։ Նրա խոսքով՝ փոփոխությունների առաջին մասը վերաբերում է մինչեւ 16 տարեկան եւ 16 տարին լրացած արական սեռի ներկայացուցիչներին անձնագրերի տրամադրմանը։

«Առաջարկվում է տրամադրել անձնագրեր մինչեւ նրանց 19 տարին լրանալը՝ գործող 18 տարեկանի փոխարեն։ Իսկ նրանք, ում 18 տարին լրացել է, ավելի երկար ժամկետով անձնագիր կարող են ստանալ միայն պաշտպանության նախարարի միջնորդությամբ։ Բացի այդ, առաջակվում է անձի ցանկությամբ «ծննդավայր» կետում պետության փոխարեն նշել մարզը, շրջանը, քաղաքը, ավանը կամ գյուղը: Օրենսդրական փոփոխությունների նպատակներից մեկը հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետի երկարացումն է՝ մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 31-ը։ Այդպիսով, անձնագրերի նոր համակարգը, որը պարունակում է կենսաչափական տվյալներ, կներդրվի 2023 թվականից»,-ասաց փոխոստիկանապետը։