Հայաստանի եւ Թուրքիայի հարբերությունների կարգավորման մասին արձանագրությունները օգտակար կլինեն երկու երկրների տնտեսությունների համար։ Բայց, որ դրանք կօգնեն լուծել պատմական տարաձայնությունները, դեռեւս վստահություն չկա։ Ինչպես հայտնում է Deutsche Welle-ն, այդ մասին գրում է Frankfurter Rundscau-ը։
Համաձայն հրապարակման, արդեն հաջորդ շաբաթ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է արձանագրությունները վավերացման համար խորհրդարան ներկայացնել։ Եթե Հայաստանի խորհրդարանն էլ հավանություն տա համաձայնությանը, սահմանը հավանական է բացվի արդեն երկու ամսից։ «Հայաստանն արեւմտյան ուղղությամբ կարեւոր տրանսպորտային ուղի ձեռք կբերի։ Արդեն տասնհինգ տարի է, որ Հայաստանը, որտեղ բնակչության մեկ հոգուն բաժին ընկնող տարեկան եկամուտը երկու անգամ ցածր է, քան Թուրքիայում, մեծ հաշվով, մեկուսացման մեջ է գտնվում։ Թուրք արտահանողների համար կարճ առեւտրային ճանապարհներ կբացվեն դեպի Կենտրոնական Ասիա։ Բայց խոչընդոտները շարունակվում են»,- շարունակում է թերթը։
«Հարաբերությունները թունավորում է Օսմանյան կայսրությունում հայերի հետապնդումներին վերաբերող փաստերը։ Հայերը խոսում են Ցեղասպանության մասին, թուրքերը՝ ռազմական անորոշ իրադարձությունների։ Երկու երկրների արտգործնախարարները խելացի են վարվել՝ հանգիստ թողնելով այդ զգայական թեման։ Այդ հարցում հստակություն մտցնելու պարտականությունը նախատեսվում է հանձնարարել պատմաբանների երկկողմ հանձնաժողովին։ Դա տարաձայնությունների կհանգեցնի։ Շատ հայեր կարծում են, որ առանց Ցեղասպանության ճանաչման՝ հարաբերությունների կարգավորումն անհնարին է։ Առաջին հերթին այդպես մտածում են արտասահմանում ապրող հայերը։ Նրանց համար այդ կարծրատիպըավելի էական է, քան իրենց հայրենիքի մեկուսացման հաղթահարումը»,- կարծում է հրապարակման հեղինակը։
«Թուրքիայի վարչապետ Էրդողանը ստիպված է լինում լսել կշտամբանքներ, որ համաձայնել է Ցեղասպանության տարբերակի հետ։ Նա մի քանի օր առաջ նկատել է, որ արձանագրությունների վավերացումը խորհրդարանում կհեշտանա, եթե Հայաստանը Ղարաբաղի հարցով զիջումների գնա։ Հնարավորություններն, անկասկած, աճել են, հատկապես, որ Ռուսաստանը անդրկուլիսյան միջնորդության փորձեր է անում։ Քանի դեռ հակամարտությունը շարունակում է ծխալ, Անկարայի եւ Երեւանի միջեւ հարաբերություններն, իհարկե, չեն կարգավորվի։ Չխոսելով արդեն երկու երդվյալ թշնամիների „հաշտեցման“ մասին, որից այնքան շատ է խոսվել։ Ինչ էլ որ լինի, ֆուտբոլային դիվանագիտությունը առաջին քայլն է այդ ուղղությամբ»,- եզրակացնում է Frankfurter Rundscau-ն։




























