Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ կշարունակի պայքարել տոկոսադրույքների դեմ «մինչեւ վերջ»։ Ակնկալվում է, որ Թուրքիայի կենտրոնական բանկը կշարունակի նվազեցնել տոկոսադրույքները, հաղորդում է CNBC-ն:

Մեկնաբանություններում, որոնք նվազեցրել են արժույթի արժեքը մինչեւ 1,5%-ով, Էրդողանն ասել է, որ կհանի տոկոսադրույքների բեռը բնակչության վրայից, եւ հորդորել է բիզնեսին ներդրումներ կատարել: Վերջին տարիներին ներդրողները լքել են Թուրքիան, եւ թուրքական լիրան վատագույն արդյունքներն է գրանցում զարգացող շուկաներում։

Ներդրողները կարծում են, որ Էրդողանը, ով երկար ժամանակ իրեն բնութագրել է որպես տոկոսադրույքների թշնամի, ազդել է դրամավարկային քաղաքականության վրա:

Կենտրոնական բանկի քաղաքականության հարցերով նիստից մեկ օր առաջ Էրդողանը կրկնել է իր անսովոր տեսակետը, որ բարձր տոկոսադրույքներն են գնաճի պատճառը եւ զարմանք հայտնել, թե ինչու են որոշ «գործընկերներ» կոշտ քաղաքականություն են վարում։ «Մենք մարդկանց կազատենք տոկոսադրույքի այս արհավիրքից։ Մենք միանշանակ չենք կարող թույլ տալ, որ մեր ժողովուրդը ճնշվի տոկոսադրույքներով»,-ասել է նա։  

Ավելի ուշ լիրայի արժեքը նվազել է, ապա փոքր-ինչ վերականգնվել։ Այս տարի լիրան էժանացել է գրեթե 30%-ով։ Կենտրոնական բանկը չի արդարացրել սպասելիքներն ու նվազեցրել է իր տոկոսադրույքը 300 բազիսային կետով՝ չնայած նրան, որ գնաճը հասել է մոտ մինչեւ 20%: Կենտրոնական բանկն ասում է, որ գների ճնշումը ժամանակավոր է: Ակնկալվում է, որ հինգշաբթի օրը տոկոսադրույքները կնվազեն եւս 100 բազիսային կետով՝ մինչեւ 15%։ Այս մասին վկայում  է Reuters-ի հարցումը։