Վինսենթ Վան Գոգի բնանկարը, որը նացիստները հափշտակել էին Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ֆրանսիայի օկուպացիայի ժամանակ, Նյու Յորքի աճուրդում վաճառվել է 35,9 մլն դոլարով, ինչը ռեկորդային գին է հոլանդացի իմպրեսիոնիստի ջրաներկով կատարված նկարի համար, հայտնում է Reuters-ը։

Christie's աճուրդի տան տվյալներով՝ 1888 թվականի Meules deble աշխատանքը ձեռք է բերվել նախնական 20-30 միլիոն դոլարից շատ ավելի բարձր գնով: Վերջին անգամ այն ցուցադրվել է 1905 թվականին։

Ի սկզբանե՝ նկարչի ինքնասպանությունից հետո, աշխատանքը պատկանել է նրա եղբորը՝ Թեո Վան Գոգին։ Մի քանի սեփականատերերի ձեռքով անցնելուց հետո այն Ֆրանսիայի օկուպացիայի ժամանակ հասել է նացիստներին։

Պատերազմից հետո նկարի գտնվելու վայրը հայտնի չէր մինչեւ 1970-ական թվականները։ Այն մասնավոր հավաքածուում է եղել, մինչեւ Christie's-ը ձեռք է բերել նկարը կոլեկցիոների եւ սկզբնական սեփականատերերի ժառանգների հետ խաղաղ համաձայնության արդյունքում: