Ուկրաինան եւ Թուրքիան քննարկում են Ուկրաինայի զինված ուժերում անօդաչու ավիացիայի մշտական աշխատանքային խմբի ստեղծումը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին։
Նա հայտնել է, որ թուրքական Baykar Makina ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարի հետ քննարկել է Ուկրաինայի զինված ուժերում անօդաչու ավիացիայի մշտական աշխատանքային խմբի ստեղծման հարցը։
«Bayraktar TB2 անօդաչու հարվածային համակարգերն ապացուցել են իրենց արդյունավետությունը, այդ թվում՝ Միացյալ ուժերի գործողության տարածքում։ Ուստի շարունակում ենք ընդլայնել դրանց ռազմական կիրառման մարտավարությունն ու մեթոդները՝ ռուսական ագրեսիան զսպելու եւ Ուկրաինայի շահերը պաշտպանելու համար։
Շնորհակալ եմ Հալուք Բայրաքթարին՝ Ուկրաինայի զինված ուժերին աջակցության եւ հետագա համագործակցության ասպարեզում բաց լինելու համար։ Ես ուրախ եմ, որ մենք խոսեցինք նույն լեզվով, քանի որ մենք անօդաչու ավիացիայի զարգացման ներուժի եւ կիրառման վերաբերյալ ընդհանուր տեսլական ունենք։
Ընկերությունը նախատեսում է շարունակել վերջին սերնդի Akinchi անօդաչու թռչող սարքերի արտադրությունը, որոնց վրա ուկրաինական շարժիչներ են տեղադրված»,- նշել է նա։





























