Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը համարում է, որ Ռուսաստանը կհարձակվի Ուկրաինայի վրա հունվարի վերջում կամ փետրվարի սկզբում:

Military Times պորտալին տված հարցազրույցում Բուդանովը հայտնել է, որ Ռուսաստանը կենտրոնացրել է ավելի քան 92 000 զինծառայող Ուկրաինայի սահմանների մոտ եւ պատրաստվում է հարձակվել հունվարի վերջում կամ փետրվարի սկզբում:

Նրա ենթադրությամբ՝ հարձակումը, հավանաբար, կներառի ավիահարվածներ, հրետանու եւ զրահատանկային հարձակում, որոնց կհաջորդի օդադեսանտային հարձակումն արեւելքում, դեսանտային հարձակումն Օդեսայում եւ Մարիուպոլում եւ արտաքին ներխուժումը հարեւան Բելառուսով:

Նրա խոսքով՝ «Արեւմուտք-21» ռուսական լայնածավալ զորավարժությունները, որոնք անցկացվել են այս տարի, ապացուցել են, օրինակ, որ նրանք կարող են միաժամանակ տեղափոխել մինչեւ 3500 դեսանտային եւ հատուկ գործողությունների զինծառայող:

«Հարձակումը, որը պատրաստում է Ռուսաստանը, ասել է Բուդանովը,-կլինի շատ ավելի ավերիչ, քան 2014 թվականին»:

Ավելի վաղ Washington Post-ի հետ զրույցում Ուկրաինայի ՊՆ Ալեքսեյ Ռեզնիկովն ասել է, որ պարզ չէ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է արդյոք հարձակվելու մասին որոշում:

Սակայն Բուդանովը համարում է, որ Ռուսաստանը աճեցնում է պոտենցիալը՝ մեծացնելով զորքի եւ սպառազինության համակարգերի թիվը Ղրիմում, ինչպես նաեւ տեղադրելով փոքր հեռահարության «Իսկանդեր» բալիստիկ համակարգերն ու զենքի մյուս տեսակները սահմանի մերձակայքում այլ վայրերում: Նա ծաղրել է ենթադրությունները, որ ցրտաշունչ եղանակային պայմանները կկանգնեցնեն ռուսներին հարձակումից:

«Դա մեզ եւ ռուսների համար խնդիր չէ»,-ասել է Բուդանովը ցուրտ եղանակին մարտերի մասին:

Սակայն ցանկացած այդպիսի հարձակումը կհաջորդի մի շարք հոգեբանական գործողություններին, որոնք ներկայում անցկացվում են, որպեսզի ապակայունացնեն Ուկրաինան եւ ձախողեն մարտնչելու նրա ունակությունը, ասել է Բուդանովը: «Նրանք ցանկանում են անկարգություններ հրահրել բողոքի ցույցերի եւ հանրահավաքների միջոցով, որոնք ցույց են տալիս, որ մարդիկ տրամադրված են կառավարության դեմ»,-համարում է նա: