Առաջիկա տարիներին Անգլիայում կստեղծվեն էլեկտրական մեքենաների հարյուր հազարավոր լիցքավորման կայաններ: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Սա շրջադարձային պահ է, մենք չենք կարող շարունակել ապրել այնպես, ինչպես հիմա ենք ապրում։ Մենք պետք է մեր տնտեսությունը հարմարեցնենք կանաչ արդյունաբերական հեղափոխությանը»,-ասվում է Ջոնսոնի հայտարարության մեջ։ «Մենք պահանջելու ենք, որ նոր տներն ու շենքերը ունենան էլեկտրական մեքենաների լիցքավորման կայաններ, եւ նոր 145 000 լիցքավորման կայաններ կտեղադրվեն այս օրենսդրության [փոփոխության] շնորհիվ»,-նշել է նա։
Այս պահին խոսքը Անգլիայի մասին է, որտեղ ապրում է Մեծ Բրիտանիայի բնակչության 85%-ը։ Մնացած Միացյալ Թագավորությունը՝ Շոտլանդիան, Ուելսը եւ Հյուսիսային Իռլանդիան, պատասխանատվություն են կրում իրենց տարածքում շինարարական նորմերի եւ կանոնների ոլորտում ստանդարտների որոշման համար: Սակայն, ինչպես ցույց է տալիս փորձը, շատ հաճախ Անգլիայում կիրառվող միջոցները տարածվում են ամբողջ թագավորության վրա։
Կառավարությունը խոստանում է, որ առաջիկա տասնամյակներին Մեծ Բրիտանիայում տեղի կունենա կանաչ արդյունաբերական հեղափոխություն, որը կստեղծի 440 հազար աշխատատեղ, խթան կհաղորդի ազգային տնտեսության զարգացմանը, կբարելավի բնապահպանական իրավիճակը Միացյալ Թագավորությունում եւ կբարձրացնի մրցունակությունը։





























