ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ամերիկացիների շրջանում ավելի հայտնի է, քան երկրի նախագահ Բարաք Օբաման: Դա են փաստում հարցման արդյունքները, որն անց կացրել է Gallup սոցիոլոգիական կենտրոնը: Սոցհարցման արդյունքները ցույց են տվել, որ Օբամայի վարկանիշը 2009թ-ի հունվարից մինչեւ հոկտեմբեր ժամանակահատվածում 80 տոկոսից իջել է 56 տոկոսի: Այս մասին տեղեկանում ենք Gallup-ի ինտերնետային կայքից:
Հարցումը, որին մասնակցել են 1013 ամերիկացիներ, անցկացվել է հոկտեմբերի 1-4-ը:
CNN-ի սոցիոլոգիական ծառայության ղեկավար Քիթինգ Հոլանդի խոսքով, փաստը, որ արտաքին գործերի ղեկավարը ավելի հայտնի է, քան երկրի նախագահը, ամենեւին էլ զարմանալի չէ: Ջորջ Բուշի վարչակազմի ժամանակ եւս նույն իրավիճակն է եղել:
Մեկնաբանելով իր աճող վարկանիշի փաստը, ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ «ոչ մի գաղափար չունի», թե ինչու են նման արդյունքներ ստացվել: «Ընդհանրապես ես մտածում եմ, որ մեր երկրի բնակչությունը հավանություն է տալիս նախագահի գործողություններին: Մոտիկից շփվելով, ես գիտեմ, թե որքան դժվար նախագահ լինելը»,- ասել է պետքարտուղարը:
Միաժամանակ, պատասխանելով CNN հեռուստաընկերության քաղաքական մեկնաբանի հարցին, Քլինթոնը նշել է, որ իր եւ նախագահի նկատմամբ վստահության պատճառներից մեկը պայմանավորված է Ամերիկայի արտաքին քաղաքականության փոփոխմամբ , որը համապատասխանում է ԱՄՆ-ի շահերին:




























