Իսրայելի նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԶԼՄ-ներում իր իմիջի «ամբողջական» վերահսկողության էր ձգտում, դատավարության ժամանակ ասել է նրա նախկին մամուլի քարտուղարը, հաղորդում է AFP-ն։
«Եթե օգտագործենք «վերահսկողության վրա խանգարված» տերմինը, նա նույնիսկ ավելի վատ էր»,- ասել է Նիր Հեֆեցը: «Այն ամենում, ինչ վերաբերում է ԶԼՄ-ներին, նա պահանջում էր ամեն մանրուքը հայտնել»։
Իսրայելի ամենաաղմկոտ դատավարության մեղադրող կողմի հիմնական վկա համարվող Հեֆեցի ցուցմունքը հետաձգվում էր անցյալ շաբաթվանից՝ Նեթանյահուի փաստաբանների խնդրանքով:
Նեթանյահուն, ով Իսրայելի վարչապետի պաշտոնը ամենաերկարն է զբաղեցրել, ներառյալ ռեկորդային 12 տարին՝ 2009-2021 թվականներին, եւ այժմ գլխավորում է ընդդիմությունը, մեղադրվում է կաշառակերության, խարդախության եւ վստահության չարաշահման մեջ:
Հեֆեցը շրջանային դատարանին տված իր ցուցմունքում ասել է, թե «Նեթանյահուի վերահսկողությունն այն ամենի վրա, ինչ կապված է ԶԼՄ-ների եւ սոցիալական ցանցերում նրա ալիքների հետ, չէր կարող ավելի կոշտ լինել»: «Նեթանյահուն առնվազն այնքան ժամանակ էր ծախսում ԶԼՄ-ների վրա, որքան ծախսում էր անվտանգության հարցերի վրա, ներառյալ այն հարցերը, որոնք կողմնակի մարդը անհեթեթություն կհամարեր»:
Նիստը նվիրված է եղել նրան, որ Նեթանյահուն, ենթադրաբար, լավություն է արել Իսրայելի ամենամեծ հեռահաղորդակցական ընկերության՝ Bezeq-ի այն ժամանակ ղեկավար Շաուլ Էլովիչին՝ Walla լրատվական կայքում բարենպաստ լուսաբանման դիմաց: Նեթանյահուին մեղադրել են քաղաքական առումով շահավետ լուսաբանման դիմաց պարբերաբար արտոնություններ տրամադրելու մեջ, որոնք կարող էին ընկերությանը միլիոններ արժենալ:
Հեֆեցն ասել է, որ 2015 թվականին, ընտրություններից կարճ ժամանակ առաջ, Էլովիչը պարբերաբար կապ է հաստատել իր հետ՝ Yes մալուխային օպերատորի հետ իր խմբի միաձուլման կառավարության հաստատումը լոբբինգ անելու համար եւ պարզելու, թե ով է լինելու կապի հաջորդ նախարարը:
Նեթանյահուն երկուշաբթի օրը ցուցմունք տալու առաջին մի քանի ժամից հետո դատարանի թույլտվությամբ հեռացել է նիստից:





























