Անցյալ ամառ Չինաստանում գերձայնային զենքի փորձարկումները ցույց են տվել տեխնոլոգիական առաջընթաց, որը նախկինում ոչ մի երկիր չէր ցուցադրել, գրում է Financial Times-ը։

Աննախադեպ ռազմական կարողությունները, որոնք հանկարծակիի են բերել Պենտագոնին, թույլ են տվել Պեկինին գերձայնային թռչող սարքից Հարավչինական ծովի օդ հրթիռ արձակել, որը թռել է ձայնի արագությունից առնվազն հինգ անգամ արագ, նշում են թերթի աղբյուրները:

Պենտագոնի պաշտպանական առաջադեմ հետազոտական նախագծերի գործակալության փորձագետները տարակուսում են այն բանից, թե ինչպես է Չինաստանին հաջողվել արկ արձակել գերձայնային արագությամբ ընթացող տրանսպորտային միջոցից: Մասնագետներին հայտնի չէ նաեւ արկի նպատակը, որն ակնհայտ թիրախ չի ունեցել։ Ոմանք կարծում են, որ դա «օդ-օդ» հրթիռ է եղել, մյուսները ենթադրում են, որ այն նախատեսված է հակահրթիռային պաշտպանության համակարգերը ոչնչացնելու համար:

Չինաստանը, Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները տարիներ շարունակ մշակել են գերձայնային զենքեր։ Ռուսաստանը հայտարարել է, որ նոյեմբերի 18-ին հրթիռ է փորձարկել Արկտիկայում, իսկ ամերիկյան զինվորականները հոկտեմբերին մի քանի անհաջող գերձայնային հրթիռի փորձարկումներ են իրականացրել:

Բայց հաշվի առնելով Պեկինի հուլիսյան ցուցադրումները՝ թվում է, թե նրա ջանքերը շատ են գերազանցում Մոսկվայի եւ Վաշինգտոնի ջանքերին, հայտարարում են պաշտոնատար անձինք։

Տիեզերական ուժերի ղեկավարի տիեզերական գործողությունների գծով տեղակալ, գեներալ Դեւիդ Թոմփսոնը ենթադրել է, որ ամերիկյան զինվորականները զենք մշակելու հարցում հետ են մնում չինացիներից: «Մենք պետք է լրացնենք բաց թողածը, չինացիներն անհավանական գերձայնային ծրագիր ունեն»,- ասել է Թոմփսոնը:

Իսկ Շտաբերի պետերի միացյալ շտաբի փոխնախագահ, գեներալ Ջոն Հայթենն այս ամսվա սկզբին ասել էր, որ Չինաստանը «ապշեցուցիչ» տեմպերով է զարգացնում է ռազմական կարողությունները՝ ձգտելով գերազանցել Միացյալ Նահանգներին, «եթե մենք ինչ-որ բան չանենք դա փոխելու համար»:

Բացի այդ, Շտաբերի պետերի միացյալ շտաբի նախագահ, գեներալ Մարկ Միլին այս փորձարկումը «շատ տագնապալի» եւ «շատ մոտ» է անվանել «Սպուտնիկի պահին»՝ նկատի ունենալով Խորհրդային Միության կողմից 1957 թվականին աշխարհի առաջին տիեզերական արբանյակի արձակումը, որը Մոսկվային առավելություն տվեց տիեզերական մրցավազքում, եւ ցնցեց ԱՄՆ-ին։

Սպիտակ տունը միայն ասել է, որ նախկինի պես մտահոգված է չինական փորձարկումներով։

Միաժամանակ, չինացի պաշտոնյաները հերքել են հրթիռի փորձարկումը եւ հայտարարել են, որ դա բազմակի օգտագործման տիեզերանավի փորձարկում է եղել: Նրանք նաեւ Միացյալ Նահանգներին սպառազինությունների ընդլայնումն արդարացնելու համար կեղծիքների մեջ են մեղադրել: