2010 թվականի արդեն առաջին եռամսյակում Լեհաստանում կտեղակայվի ամերիկյան Patriot հրթիռների մարտական կայանք։ Այդ մասին հոկտեմբերի 16-ին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Ստանիսլավ Կոմորովսկին՝ Վարշավայում ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի օգնականի հետ բանակցությունների արդյունքների հիման վրա,-հայտնում է РАР լեհական գործակալությունը։
Կոմորովսկու խոսքով՝ կայանքը Լեհաստանում կտեղակայվի ռոտացիոն կարգով, բայց միեւնույն ժամանակ այն կկարողանան միանալ լեհական ՀՕՊ համակարգին։ Ինչպես իր հերթին հայտնել է Վերշբոուն,ամբողջ ծրագիրը, որի որոշ մանրամասներ ներկայացվել են հանդիպման ժամանակ, համապատասխանում է օգոստոսյան հռչակագրին։
«Մենք հուսով ենք, որ Լեհաստանի կառավարության պատասխանը դրական կլինի, քանի որ խոսքը գնում է մեր բոլորի՝ ՆԱՏՕ-ի համախոհների, պաշտպանության մասին։ Այս համակարգը հատուկ ստեղծվել է ինչպես ՆԱՏՕ-ի զինուժի, այնպես էլ ամերիկյան զորքերի եւ Եվրոպայի քաղաքացիների պաշտպանության նպատակով»։
Միեւնույն ժամանակ, ինչպես հայտնում է Կոմորովսկին, Վերշբոուն հայտնել է նաեւ իր հետաքրքրությունը լեհական տարածաշրջանում առանց թիկունքային ապահովման եւ հավաքման կետերի՝ SM-3 հրթիռների տեղադրման կապակցությամբ։ Այդպիսի հրթիռները օդում կարող են ոչնչացնել հակառակորդի ոչ միայն միջմայրցամաքային,այլեւ միջին եւ մոտ հեռահարության հրթիռները։




























